Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Վառ գույներ, նոր հորիզոններ, ժպիտ ու թախիծ. Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն» ցուցահանդեսը

Վառ գույներ, նոր հորիզոններ, ժպիտ ու թախիծ. Հայաստանի նկարիչների 
միությունում բացվեց «Գարնանային սալոն» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության «Գարնանային սալոն 2024» ցուցահանդեսում ներկայացված են վաստակաշատ և երիտասարդ նկարիչների վառ և գունեղ կտավներ, խորհրդավոր քանդակներ և արվեստի այլ հետաքրքիր նմուշներ, որոնք ստիպում են ժպտալ, զարմանալ, հիանալ և խորհել աշխարհի շուրջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավանդական դարձած ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին:

 Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ցուցադրությունում  ներառվել են միայն միության անդամների ստեղծագործությունները: «Ընդգրկված է 150-ից ավելի աշխատանք: Ամեն հեղինակ մի գործ է ցուցադրում: Ներկայացված են գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ»,- հայտնեց Սաֆարյանը:

Suren safaryan 1.jpg (474 KB)

 Ստեղծագործությունները չունեն հատուկ թեմատիկա. յուրաքանչյուր նկարիչ ներկայացրել է այն գործը, որը ցանկացել է: Արվեստի բազմաժանր գործերը տեղ են գտել միության Արա Սարգսյանի և Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահներում: Շրջելով՝ փաստում ենք, որ քիչ չեն նաև կին ստեղծագործողների աշխատանքները: Սուրեն Սաֆարյանը կատակով նշում է՝ գուցե դա պայմանավորված է գարնանամուտով:

Երիտասարդ նկարչուհի Մանե Մակյանը, ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան, որպես լավագույն դիպլոմային աշխատանքի հեղինակ, դարձել է միության անդամ: Նա ցուցադրել է «Վերականգնման արվեստանոց» ստեղծագործությունը,  որն իր աշխատանքի մի մասն է միայն:  «Աշխատանքն ասես պահարանի մեջ լինի, քանի որ ինձ դուր է գալիս նոր կոնստրուկցիաներ մտածելը»,- նշում է նկարչուհին, որին ոգեշնչում են մարդկանց հետ զրույցները, հետաքրքիր թեմաները: Միայն նկարում է այն, ինչն իրեն հուզում է՝ լավ եղանակը, լավ տրամադրությունը: Միամիտ արտասանված բառերը Մակյանի համար կարող են բանալի դառնալ, որի շուրջ նա ստեղծագործելու է:

Mane 2.jpg (482 KB)

Գեղանկարիչ Դավիթ Դավթյանի համար նշանակություն չունի՝ իր կտավները կցուցադրվեն «Գարնանային սալոն»-ում, թե այլ ցուցահանդեսում: Նկարիչը կարևորում է բարձրակարգ ցուցահանդեսների կազմակերպումը, որտեղ հնարավոր է տեսնել գործընկերների աշխատանքները, որոշ դիտարկումներ անել, համեմատել, ցուցահանդեսներ, որոնք կարող են արժեհամակարգ ձևավորել կամ փոխել:

David davtyan 3.jpg (651 KB)

Նա ներկայացրել է «Արևոտ օր» կտավը, որում հիասքանչ կանայք են: «Ցանկացա ցուցադրել մի գործ, որը համահունչ կլինի այս օրվան: Կտավում դինամիկա կա. արևոտ օր է, բայց կանանց մեջ ներքին տագնապ կա: Այդ երկուսի համադրությունն եմ ստեղծել: Փորձել եմ կանանց գեղեցկությունն ու լույսի համադրությունն այդ դինամիկայի միջոցով ներկայացնել»,- շեշտում է Դավթյանը:

Ըստ նկարչի՝ կանայք բոլորին են ոգևորում և առանց կանանց ապրելն անիմաստ է դառնում: «Ամեն բանից կարող ես ոգևորվել, բայց բնության ամենագեղեցիկ էակը կինն է:  Հիշեք Վելասկեսին, Ռուբենսին, Ռենուարին: Նրանք գեր կանանց են պատկերել, բայց ինչ գեղեցկություն է, ոչ մի ժուռնալային բան չկա, ոչ մի ավելորդ բան չկա: Կինը համար առաջին ոգևորողն է»,- եզրափակում է Դավիթ Դավթյանը:

Հարութ Հովհարի «Արարում» կտավի հերոսներն իրական մարդիկ են, հեղինակի ընկերներն են: «Երազ» շարքից հետո «Արարում» շարքի վրա է աշխատում, որում իր գլխավոր հերոսների գերնպատակը միայն ու միայն սիրուն ու գեղեցկությանն առնչվելն է ամեն օր ու ամեն ժամ:

Harut Hovhar.jpg (579 KB)

«Արարում» կտավը, որն ընդգրկված է ցուցահանդեսում, նախորդ տարի մասնակցել է միջազգային մրցույթի և, հայտնվելով եզրափակիչում, ներկայացվել է Ֆլորենցիայում:

«Ինձ երբեմն ես եմ տխրեցնում, իմ մտքերը կամ չարած գործերը: Աստված մարդուն հնարավորություն է տվել արարելու: Ամեն վայրկյան, ամեն րոպե ու ամեն ժամ գեղեցկությունը կա, ինչը ֆանտաստիկ է, մեծ նվեր է, ուղղակի երբեմն մոռանում ենք, որ հրաշքներ հարկավոր չէ այլ տեղում փնտրել, հրաշքը մենք ենք հենց հիմա ու այստեղ, իսկ արարելը մեր սիրուց է, գեղեցիկի մեր ընկալումից:  Մենք աշխարհը կարող ենք դարձնել դրախտ կամ դժոխք: Երկար ժամանակ մտածում եմ այն մասին, որ մարդկանց մեծ լաբիրինթոսի մեջ են գցել ու ներկայացնում են, որ մարդն անսահմանության մեջ փոքր հատիկ է, իսկ իրականում մարդն օժտված է աստվածային ուժով: Ամենակարևորը, որ մենք ինքներս մեզ հավատանք»,- ընդգծում է երիտասարդ նկարիչն ու հավելում՝ պետք է չվախենալ ներսի սերն արտահայտել ու թույլ չտալ, որ  ամբոխը խժռի այդ գեղեցկությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա շնորհավորեց ներկաներին գարնան առաջին օրվա առթիվ և հիշեցրեց, որ նախարարության նոր ծրագրի համաձայն՝ դրամական խրախուսում  կարող են ստանալ թե՛ հասուն, թե՛ երիտասարդ արվեստագետները, որոնք կմասնակցեն միջազգային փառատոնների, հեղինակավոր մրցույթների և կարժանանան մրցանակների:

verjum.jpg (549 KB)

«Գարնանային սալոն 2024» ընդգրկուն ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 6-ը:

Առաջիկա ամիսներին միությունում տարբեր ցուցահանդեսներ և միջոցառումներ են սպասվում: Նախատեսվում են նաև վարպետության դասեր, իսկ ամռանն անցկացվելու է միջազգային պլեներ, որին մասնակցելու են նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]