Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արթիկի բնակիչ հայր և որդուց շուրջ 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արթիկի բնակիչ հայր և որդուց շուրջ 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու 
գործով 2 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ,  զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ ներգրավվել է 4 անձ, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են։

Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վերոնշյալ բնակիչների շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով նրանց նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Այնուհետև, որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, ավտոմեքենայով վերջիններիս տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, նշված անձինք ծեծի են ենթարկել հորը և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հեռացել նշված ավտոմեքենայով:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից երկուսը հայտնաբերվել են և դատարան ներկայացվելու համար ձերբակալվել։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]