Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները 
Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք, բայց առաջին հերթին մենք պետք է հանդիպումներ ունենանք»,- ասել է Քըլըչը։

Նա նշել է, որ Մոսկվայում համաձայնության են հասել, որ հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացում նախապայմաններ չլինեն։

Քըլըչը հայկական կողմին մեղադրել է հետագա հանդիպումների համար երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման առաջ քաշելու մեջ։ «Ես Ռուբենին մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ Երևան այցելել բանակցությունների համար։ Ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել նաև Անկարայում։ Բայց, եթե նա երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման է դնում Անկարայում և Երևանում մեր հանդիպման համար, մենք այդ ժամանակ խնդիր ենք ունենում։ Մենք պետք է հանդիպենք և խոսենք։ Եթե մենք ցանկանում ենք լուծում գտնել, դրա բանալին հանդիպումն է, իսկ մենք մեկ տարուց ավելի է՝ չենք կարողացել հանդիպել»,- նշել է Թուրքիայի հատուկ բանագնացը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ կողմերը պայմանավորվել էին 2023 թվականի ամռանը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար՝ Քըլըչն ասել է, որ իրենք կցանկանային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ բոլորի համար, բայց այն ժամանակ, երբ պահը  հասունացած կլինի։

Արձագանքելով Քըլըչի հայտարարությանը, թե Հայաստանը հանդիպումների համար նախապայման է դնում՝ Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ, հնարավոր է, թյուրըմբռնում կա, որովհետև Հայաստանը հանդիպումների համար նախապայման չի դրել։ «Ես և Սերդարը վերջին անգամ հանդիպել ենք Թեհրանում։ Ես արդեն երկու անգամ եղել եմ Թուրքիայում և հանդիպել եմ Սերդարի հետ։ Այսպիսով, որևէ նախապայման չկա, և, իհարկե, մենք հետագայում կքննարկենք, թե որտեղ հանդիպենք»,- ասել է Ռուբինյանը։  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am