Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի և Արման Սարգսյանի «Բարի օր» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է

Ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի և Արման Սարգսյանի «Բարի օր» 
կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հենդրիկը, տաքսու վարորդ է, որն ապրում է սովորական կյանքով, իր հոգսերով, առօրյայով: Մի առավոտ նա պարզում է, որ օրը չի փոխվել. հոկտեմբերի 14-ն է, ինչպես և երեկ էր: Դա տևում է շուրջ տասը տարի: Տարիների ընթացքում Հենդրիկի արժեհամակարգում որոշ փոփոխություններ են կատարվում. նա սկսում է գնահատել ոչ միայն մորը, այլև կնոջն ու երեխաներին, հրաժարվում է կարծրատիպերից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում:

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը, որը զվարճալի է և ստիպում է կողքից նայել անընդունելի երևույթներին ու ձերբազատվել դրանցից, փետրվարի 29-ին բարձրացավ մեծ էկրան: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:

Մինչ կարմիր գորգի արարողությունը, լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորներներից Գրիգոր Գասպարյանն ասաց՝ գաղափարի հեղինակը ֆիլմի պրոդյուսեր Ամարաս Գասպարյանն է: «Կա մի սիրված ֆիլմ «Արջամկան օրը», որը նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, որը կոչվում է «Time loop», երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է: «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մխիթարյանը ստեղծել էր  տաքսիստ Հենդոյի կերպարը, որը շատ սիրվեց: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները»,-պատմեց ռեժիսորը:

Ֆիլմի մյուս ռեժիսոր Արման Սարգսյանն էլ խոստովանեց՝ ամեն ինչ արել են համատեղ, համագործակցել են սցենարիստների հետ ու ձգտել են չուռճացնել երևույթները: «Կարծում եմ՝ ամեն մարդու ժամանակ է հարկավոր ինքն իր հետ մնալու,   վերլուծելու, թե ինչի համար է ապրում, թե ինչ է թողնում իրենից հետո, թե իր պատճառով ինչ է լինում: Ֆիլմի հերոսին այդ ժամանակը տրվում է»,-շեշտեց նա:

Դերասան Մհեր Մխիթարյանը վստահեցնում է՝ եթե ինքը հայտնվեր ժամանակավոր հանգույցի մեջ, կաներ այն բոլոր քայլերը, որ անում է իր կերտած կերպարը, ինչը կհանգեցներ նրան, որ կվերաիմաստավորեր իր կյանքն ու այլ տեսանկյունից կնայեր կյանքի ցանկացած իրավիճակի:

«Մեզ հաստատ հանդիպել են տաքսու վարորդներ, որ զայրացնում են իրենց բառապաշարով, երաժշտական ճաշակով, հարցերով և այլն: Հուսամ՝ ֆիլմից հետո ինչ-որ բան կփոխվի»,-ասաց Մխիթարյանը:

Ռոզի Ավետիսովան կերտել է Հենդրիկի կնոջ կերպարը: Նույն տեսարանում մի քանի անգամ խաղալը բոլորովին բարդ չի եղել նրա համար: Դժվար է եղել անել ամեն բան, որ մարդիկ հավատան, որ ինքը Հենդոյի կինն է, որ նման փոխհարաբերությունները ճշմարտացի են ու հնարավոր:

Ըստ դերասանուհու՝ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վերարժևորում են որոշ բաներ՝ կախված անձնական կյանքում, երկրում տեղի ունեցող իրադարձություններից, համընդհանուր երևույթներից:

Կինոնկարն իրենց մասնակցությամբ հարստացնում են սկսնակ դերասաններ Նանուլն ու  Վարդան Քոչարյանը: Նրանք մեծ բավականություն են ստացել նկարահանումներից ու հույս ունեն, որ կրկին կլինեն էկրանին:

«Սա իմ առաջին կինոնկարն է, և ես շատ ուրախ եմ, որ հենց «Բարի օր» ֆիլմում եմ նկարահանվել»,-ասաց Նանուլը:

«Նկարահանվել եմ սիթքոմում, գովազդներում: Սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր: Շատ եմ դիտել նման կինոնկարներ ու հավանել եմ: Սիրեցի այս ֆիլմի սյուժեն, բայց չգիտեի, որ նման լավ դերասանների հետ եմ խաղալու: Շատ հաճելի էր»,-ընդգծեց Վարդան Քոչարյանը:

Ֆիլմում հնարավոր է տեսնել նաև Գարիկ Մարտիրոսյանին, Իվետա Մուկուչյանին, Արկադի Դումիկյանին և այլոց:

Ստեղծագործական խումբը նախատեսում է «Բարի օր» կատակերգությունը ցուցադրել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]