Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ երգչախմբերը նախատեսում են համատեղ ներկայացնել «Ստաբատ մատեր»-ը

Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ երգչախմբերը նախատեսում են 
համատեղ ներկայացնել «Ստաբատ մատեր»-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը մտադիր են համատեղ հնչեցնել ականավոր կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի «Ստաբատ մատեր» ստեղծագործությունը:

Համերգային երեկոն նախատեսվում է կազմակերպել Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Մլքեյանն ասում է՝ երգչախմբերը հանդես են գալու  նվագախմբի ուղեկցությամբ: «Նվագախումբը բաղկացած է լինելու հրավիրյալ երաժիշտներից: Այն դառնալու է սիմֆոնիկ նվագախումբ, սակայն հիմքում Հայաստանի պետական կամերային նվագախումբն է լինելու»,-նշում է Մլքեյանն ու հավելում՝ այժմ համերգի կայացման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, հստակեցումներ են արվում:

k1.jpg (645 KB)

Հայաստանի պետական կամերային երգչախումբ

t2.jpg (270 KB)

«Տիրամայր Հայաստանի» երգչախումբ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը մի քանի անգամ երևանյան բեմում ներկայացրել է «Ստաբատ մատեր»-ը, սակայն «Տիրամայր Հայաստանի» երգչախումբն առաջին անգամ է այն կատարելու:

t1.jpg (251 KB)

«Տարիքային մեծ տարբերություն կա կոլեկտիվների միջև: Հայաստանի պետական կամերային երգչախումբն արդեն քսանչորս տարեկան է, անհավանական թվով համերգներ է ունեցել»,-ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որը սիրով է վերհիշում «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի ստեղծման պատմությունը:

Մլքեյանը երկար տարիներ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն է ղեկավարել: Այն պետական կարգավիճակ է ստացել հենց Մլքեյանի օրոք, ինչին նպաստել է կոլեկտիվի ստեղծագործական գործունեությունը:

«Այն ժամանակ Գյումրիում նաև երգչախումբ ունեի, որը շատ բարձրակարգ էր: Ավաղ, կյանքն այնպես դասավորվեց, որ ինձ թույլ չտվեցին մնալ այնտեղ, կանչեցին Երևան, որտեղ սկսվեց իմ բուռն աշխատանքը: Այստեղ ևս բարձրակարգ երգչախումբ ստեղծելու պահանջ կար, և ես բոլոր ուժերս ուղղեցի դրան, բայց Գյումրին սրտիցս ու մտքիցս դուրս չեկավ: Երևանում հինգ կամ վեց տարվա գործունեությունից հետո իմացա, որ Գյումրիում կան մարդիկ, որ երազում են, որ այնտեղ որևէ նախաձեռնությամբ հանդես գամ: Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի մայր Արուսյակ Սաճոնյանը, որին  քույր Արուսյակ եմ ասում, շատ էր ցանկանում, որ երգչախումբ ստեղծվի: Նա հարցրեց, թե հնարավո՞ր է դա անել, պատասխանեցի, որ հնարավոր է մի դեպքում, եթե կարողանամ անընդհատ գնալ Երևան ու գալ, ասացի՝ եթե մեկ անգամ գամ, լսեմ երեխաներին, կառուցեմ երգչախումբն ու մեկնեմ, դժվար կլինի: Այդպես 2005 թվականին հիմնադրվեց «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը: Սկզբում երգչախմբի կազմում որբատան երեխաներն էին»,-պատմում է Ռոբերտ Մլքեյանը:

k2.jpg (56 KB)

Հաջորդ տարի Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը տոնելու է հիմնադրման 20-ամյակը:

Երգչախումբը հիմնադրելիս Ռոբերտ Մլքեյանը նպատակ է ունեցել ոչ միայն երգել սովորեցնել երեխաներին, այլև ստանալ նույնքան լավ երգչախումբ, որքան Հայաստանի պետական կամերային երգչախումբն է: Դա Մլքեյանին ու նրա աջակիցներին հաջողվել է, քանի որ կոլեկտիվը կայացել է: 2015 թվականին Հռոմի Սբ. Պետրոս տաճարում երգչախումբը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, իսկ 2016 թվականին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագներին։ Հյուրախաղերով հանդես է եկել  Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Բելգիայի, Լիբանանի տարբեր քաղաքներում:

t4.jpg (323 KB)

««Տիրամայր Հայաստանի» երգչախումբը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ հանդես գալու երկարամյա փորձ ունի: Այն կատարում է օտար և հայ հեղինակների՝ Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի և այլոց գործերը: «Նրանք  կրթվում են նույն կերպ, ինչպես մեծերը, նույն մակարդակի աշխատանք է տարվում երկուսի հետ էլ, սակայն փոքրերի էներգետիկ դաշտն ավելի մեծ է, և նրանք իրենց երիտասարդական ավյունով, էներգիայով փորձում են հետ չմնալ բարձր ակադեմիական որակից»,-եզրափակում է Ռոբերտ Մլքեյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ երգչախմբերի պաշտոնական էջերից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]