Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուները հատուցման ամսական վճարները կստանան բարձրացված

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուները 
հատուցման ամսական վճարները կստանան բարձրացված

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ հիմնադրամը վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, այս նախաձեռնության արդյունքում «ԶԻՆԱՊԱՀ»-ի տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։

«Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ արժանի մեր զինծառայողների նվիրվածությանն ու զոհաբերությանը: Ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին մեր հայրենիքի համար, մենք պարտավորվում ենք անել հնարավորը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատար կանգնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,-նշում են հիմնադրամից։

Ինդեքսավորումը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։ Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։

«Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև «ԶԻՆԱՊԱՀ»-ի՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ․ մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ․ մարտի 1-ին «ԶԻՆԱՊԱՀ»-ը կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։

յս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ․ մարտից «ԶԻՆԱՊԱՀ»-ի շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին ներկայիս 5-ի և 15-ի փոխարեն»,-բոլոր սպասվող փոփոխությունները պարզաբանում են հիմնադրամից։  

«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ «ԶԻՆԱՊԱՀ»-ը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

«ԶԻՆԱՊԱՀ»-ն աջակցում է 5,219 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով։ 2017թ․-ից ի վեր «ԶԻՆԱՊԱՀ»-ը տրամադրել է ավելի քան 88․2 մլրդ․ ՀՀ դրամի հատուցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]