Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է

Գյումրու այցեքարտ դարձած Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է

ԳՅՈՒՄՐԻ,  25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու այցեքարտ դարձած  Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը 40 տարեկան է։ Փետրվարի 25-ին տոնական միջոցառմամբ՝ թանգարանի գործունեության մասին պատմող ֆիլմով ու տոնին հատուկ ջերմ շնորհավորանքներով գյումրեցիներին հայտնի Ձիթողցյանների տուն-թանգարանում նշվեց թանգարանի գործունեության 40-ամյակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանի շինությունը կառուցվել է վաճառական, հայտնի բարերար Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թվականին: Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն: Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: 1984 թ. այստեղ բացվել և մինչև օրս գործում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը:    

1.jpg (1.47 MB)   

«Բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր երկրում ուրարտական ժամանակներից սկսած արդեն նախանշվել են թանգարանային նախատիպեր ու դարերի ընթացքում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության արգասիքները դարձել են մարդկության պատմության, քաղաքակրթության մեծագույն վկայություններ։ Արդեն 40 տարի անխափան գործունեություն ծավալած մեր թանգարանում ամբարված առարկաների, գրավոր աղբյուրների և արվեստի ստեղծագործությունների առկայությունը խոսում ու պատմում է Գյումրու արհեստների ու արվեստների, քաղաքային կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին, Ձիթողցյան եղբայրների անցած ճանապարհի, Ալեքսանդրապոլի հնամենի պատմության էջերի մասին։

Իհարկե, թանգարանում պահվող անգին նմուշները շատերի համար անարժեք կդառնային, եթե այստեղ աշխատող թանգարանային գործի նվիրյալները չկարողանային պահպանել ու արժանվույն ներկայացնել հոգևոր-նյութական հիասքանչ այս ժառանգությունը՝ հանուն ներկայի և ապագայի»,- շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով թանգարանի տարբեր տարիների նվիրյալ աշխատակիցների արհեստավարժ մոտեցումը։

2.jpg (245 KB)

«Ձեր շնորհիվ հնարավոր է դառնում քայլել պատմության արահետներով, զգալ հին Ալեքպոլի շունչը, ներկան էլ՝ ընկալել նորովի ու խորհել ապագայի մասին։ Շնորհավորում եմ թանգարանի բոլոր աշխատակիցներին այս տոնական օրվա առթիվ։ Ձեր նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով դուք նպաստում եք հարուստ մշակութային ժառանգություն ունեցող թանգարանի զարգացմանը՝ կարևորելով Գյումրու քաղաքային կոլորիտը, դիմագիծն ու կենցաղը, անցած ուղին զբոսաշրջիկներին ու հյուրերին ներկայացնելը»,-անթիվ այցելուներ մաղթելով թանգարանին՝ հավելեց մարզպետը:

Արմենուհի Մխոյան        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]