Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են դիտարկել աշխատանքի և 
զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Շրի Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ-ի հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։

Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]