Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունում կանայք և տղամարդիկ հավասարապես ներկայացված կլինեն. Երևանում անցկացվեց համաժողով

Ոստիկանությունում կանայք և տղամարդիկ հավասարապես ներկայացված կլինեն. 
Երևանում անցկացվեց համաժողով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում կանայք և տղամարդիկ հավասարապես ներկայացված կլինեն, որը էական նախապայման կլինի անձնակազմի ծառայողական և կատարողական կարգապահության բարձրացման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կանանց ներգրավվածությունը ՆԳՆ հենասյունային կարևոր բաղադրիչ» համաժողովի ողջույնի խոսքում նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն՝ ընդգծելով, որ համաժողովի գաղափարը եղել է դեռևս նախորդ տարվանից, երբ սկսել են քննարկել իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության շուրջ ստեղծված հարցերը, խնդիրներն ու դրանց լուծումները: 

«Ներքին գործերի համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը, այսինքն՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար, ինչպես հանրային կարծիքն ու որոշումը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու և թարմացնելու առումով: Իմ խորին համոզմամբ՝ կադրային բնագավառում սկզբունքորեն կարևոր է կանանց առավելագույն ներգրավվումը: Համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնումը պայմանավորված է ոչ միայն կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության ապահովմամբ, այլև էական նախապայման է անձնակազմի ծառայողական և կատարողական կարգապահության բարձրացման համար»,-ասաց նախարարը:

Նախարար Ղազարյանը համոզված է, որ  կին ծառայողները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլև ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությունն աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծրատիպեր:

ԵՄ դեսպան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ընդգծեց ու կարևորեց այն, որ այսօր արդեն իսկ բավականին մեծ է ՆԳՆ-ում ներգրավված կանաց թիվը:

«Կանայք եզակի տեսակետներ, հմտություններ և ուժեղ կողմեր են բերում ոլորտ, որոնք լրացնում և մեծացնում են ցանկացած ոստիկանական ուժի կարողությունը: Կանանց ներկայությունը ոստիկանությունում խթանում է համայնքային անվտանգության ավելի համապարփակ մոտեցումը բազմապիսի հարցերի ընկալումը, որոնց բախվում են քաղաքացիները: Բացի դրանից, այն նաև մեր հասարակությանը տալիս է մեկ այլ քաղաքակրթական տեսակետ՝ լինել ժամանակակից և  եվրոպական տարածքում ընդգրկված մաս»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով բարեփոխումներին՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ աջակցելով բարեփոխումների ծրագրին նպատակ են ունեցել խթանելու գենդերային հավասարությունը և կանանց ներգրավվածությունը ոստիկանության ոլորտում: «Իսկ այսօրվա քննարկմանը մի շարք կարևոր հարցերից զատ, շատ կարևոր է քննարկել մարտահրավերները՝ հասկանալու համար,  թե որոնք են խոչընդոտները և արգելքները, որոնք մինչ այս պահը խանգարել են և դեռևս կարող են խանգարել կանաց՝ ոստիկանական  ուժերում լիարժեք ներգրավվելուն»,-ասաց նա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Քրիստինա Քվինը,  ողջունելով ներկաներին, կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը՝ ոլորտում խնդիրների բարձրացման, քննարկման և լուծումերի առաջարկման տեսակետից:

Դիմելով միջոցառման կին ոստիկաններին՝ դեսպանն ընդգծեց նրանց հանձնառությունը, քաջությունը և նվիրումը համայնքների անվտանգությանը գովեստի է արժանի:

«Ձեր ներկայությունը վկայություն է առ այն, որ մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել Հայաստանի իրավապահ մարմիններում կանանց ներգրավվածության ուղղությամբ. այդ նպատակին բոլորս ձգտում ենք մեր սեփական երկրներում: Պետք է բարեփոխման առաջամարտիկը լինել՝ խթանելով իրավապահ մարմիններում կանանց ներգրավվածությանը և նրանց ծառայության շարունակականությանը»,-նշեց ԱՄՆ դեսպան Քվինը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]