Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հայաստանն ու ԱՄԷ-ն պլանավորում են առևտրի, ներդրումների և ծառայությունների ազատականացման համաձայնագիր ստորագրել

Հայաստանն ու ԱՄԷ-ն պլանավորում են առևտրի, ներդրումների և 
ծառայությունների ազատականացման համաձայնագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը, ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։

Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է փոխշահավետ լինել:    

2023 թվականին ԱՄԷ-ն ապրանքաշրջանառության ծավալով դարձավ մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերը՝ միաժամանակ գլխավորելով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների ցանկը։ Անցյալ տարի Հայաստանից ԱՄԷ արտահանումը գումարային արտահայտմամբ կազմել է շուրջ 2.2 մլրդ դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 3.2 անգամ: Ներմուծման ծավալն անհամեմատ համեստ է՝ մոտ 600 մլն դոլար: 2022–ի ցուցանիշը գերազանցվել է 36.7 տոկոսով: Ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ դոլար՝ մեկ տարում աճելով 1.9 անգամ։

Նախարարության տեղեկացմամբ՝ 2022 թվականի համեմատ արտահանման կառուցվածքն էականորեն չի փոխվել: Նախորդ տարի Հայաստանից ԱՄԷ արտահանման 96.3 տոկոսը բաժին է հասել չորս ապրանքատեսակների՝ անմշակ, կիսամշակ ոսկի կամ ոսկու փոշի, ոսկերչական իրեր, ադամանդե քարեր, սիգարետներ և սիգարներ: 2022-ին դրանք կազմել են արտահանման 98.7 տոկոսը:

Հիմնականում անփոփոխ է նաև ներմուծման կառուցվածքը, որում գերիշխում են մարդատար ավտոմեքենաները, ադամանդե քարերը, հեռախոսների պահեստամասերը, մոդեմները և ոսկերչական իրերը: Ընդհանուր առմամբ՝ դրանք կազմում են 2023 թվականին ԱՄԷ-ից Հայաստան ներմուծված ապրանքների 59 տոկոսը (2022-ին 60 տոկոսն էր):

2023-ին Հայաստանից ԱՄԷ վերաարտահանվել է 1.6 մլրդ դոլարի ապրանք,  հիմնականում՝ անմշակ ոսկի (1.3 մլրդ դոլարի), ադամանդե քարեր (300 մլն) և անմշակ, կիսամշակ կամ փոշու տեսքով պլատին (32 մլն):

Անցյալ տարի ԱՄԷ-ն դարձավ Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալն ապահոված երկիրը՝ պատմության մեջ առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանին: 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արաբական այդ երկիրը ՀՀ-ում կատարել է 101 մլրդ 814.4 մլն դրամի ուղղակի ներդրում: Նախարարությունն ընդգծում է, որ այդ ցուցանիշը պետք չէ պայմանավորել առանձին գործոնով, այլ անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանում հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի ընդհանուր տրամաբանության խորապատկերում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության զարգացմանն ամենից առաջ նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, երկկողմ առևտրային հարաբերություններում առկա աճը և ԱՄԷ-ից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը: «Այդ առումով անշուշտ կարևոր էր, օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում կայացած հայ-էմիրաթական գործարար համաժողովը: Զուգահեռաբար, Հայաստանը ակտիվ մասնակցում է ԱՄԷ-ում անցկացվող միջազգային գործարար միջոցառումներին, ինչը հնարավորություն է տալիս առաջ մղել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և էմիրաթցի գործարարներին ներկայացնել մեր տնտեսության՝ ներդրումային ներուժ ունեցող ոլորտները:

Շարունակվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ  Էմիրությունների կառավարության միջև՝ ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները, որոնք սկսվել են անցյալ տարի: Նման փաստաթուղթ կնքելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության և այդ կառույցին անդամակցող պետությունների ու ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հարթակում։ Համաձայնագիրն, ըստ էության, ազատականացնում է ՀՀ և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի ու ներդրումների իրականացման գործընթացները՝ նախատեսելով նշված ոլորտներում խոչընդոտների վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում: Այն միտված է տնտեսական փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Հրայր Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am