Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզվում է սպանության մեղադրանքով

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզվում է 
սպանության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։

«Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։

Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի ռուսական դատարանի առաջ։

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ տեղեկատվություն էր հայցել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նշել էին, որ Մոսկվայում Քամիլ Զեյնալիի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում։

Թեմային ավելի վաղ արձագանքել էր նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը՝  նշելով, որ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան իրավական քայլեր և դիվանագիտական ջանքեր են ձեռնարկում Քամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։ 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է ռազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am