Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն

Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում փետրվարի 20-ին ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, պայմանագիրը ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծել է այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ Համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։ Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում այսուհետ կաջակցեն կենտրոնի աշխատանքներին։ Դեսպանը հատկապես կարևորեց համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։

Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշել է, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:

Միջոցառմանը հաջորդեց հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am