Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԵՄ ծրագրի աջակցությամբ՝ Վանաձորում և Գյումրիում կիրականացվեն կանաչ և շրջանաձև տնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնություններ

ԵՄ ծրագրի աջակցությամբ՝ Վանաձորում և Գյումրիում կիրականացվեն կանաչ և 
շրջանաձև տնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը, Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ, ձեռնամուխ են եղել քաղաքային կառավարման բարելավման գործընթացին, որի շրջանակում կկառուցվեն ինստիտուցիոնալ կարողություններ՝ կառավարման բացերը լրացնելու և եվրոպական փորձն ու գիտելիքները Հայաստանում ներդնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Հայաստանում տեղական մակարդակում շրջանաձև տնտեսության զարգացման ուղիները» խորագրով համաժողովում հայտնեց «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին։

Lapauri.JPG (944 KB)

Ծրագրի աջակցությամբ՝ Վանաձոր և Գյումրի քաղաքները հնարավորություն կունենան ստեղծել տեղեկատվական համակարգեր, որոնք ունեն կենսական նշանակություն քաղաքաշինության ոլորտում։ Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով քաղաքային կառավարման կառույցներին հասանելի կլինի ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ որակյալ որոշումներ կայացնելու համար։

«Համաժողովի հիմնական նպատակն է ՏԻՄ, ՀԿ և այլ ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացումն այն գործողությունների մասով, որ իրենք կարող են իրականացնել՝ դեպի շրջանաձև տնտեսության անցումն արագացնելու նպատակով։  Ի տարբերություն գծային տնտեսության՝ շրջանաձև տնտեսությունն ուղղված է ապրանքների և նյութերի վերաշրջանառությանը՝ թափոնները և աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով»,- ասաց Լափաուրին։

Նրա տեղեկացմամբ՝ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների կեսը ստացվում է ռեսուրսների արդյունահանման և վերամշակման արդյունքում, հետևաբար շրջանաձև տնտեսության ընդլայնումը վճռորոշ ներդրում կունենա մինչ 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու գործում։ Շրջանաձև տնտեսության սկզբունքները խրախուսում են մարդկանց և ձեռնարկություններին գնահատել բնական ռեսուրսները, նախագծել ապրանքներ՝ նկատի ունենալով վերամշակման ու կրկնակի օգտագործման հնարավորությունը։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ շրջանաձև տնտեսության գաղափարն առաջարկում է պլանավորված արտադրական և սպառման գործողություններ՝ ստեղծելու ռեսուրսների կամ այլ նյութերի օգտագործման փակ օղակներ, կանխելու թափոնների առաջացումը՝ պահպանելով բնական ռեսուրսները և նվազագույնի հասցնելով ազդեցությունը շրջակա  միջավայրի վրա։

Վերոհիշյալ դաշինքը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, որպես շրջանաձև տնտեսության խթանում, պլանավորում է Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններին տրամադրել պոլիէթիլենային թափոններ վերամշակող և որոշակի շինարարական արտադրանք թողարկող հոսքագծեր։ Նշված քաղաքներում կներդրվի «կանաչ հանրային տրանսպորտի» (էլեկտրական ավտոբուսներ) կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա, համայնքապետարաններին կտրամադրվեն ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ, կիրականացվեն նախաձեռնություններ՝ ջերմոցային գազերի և ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։

«Ձեռք բերված հոսքագծերից յուրաքանչյուրն ապահովելու է կայուն աշխատատեղեր և քաղաքային ենթակառուցվածքներում մեծ պահանջարկ ունեցող շինարարական սալիկների արտադրություն՝ վերամշակված պլաստիկ թափոնների կիրառմամբ։ Փորձագետների հետազոտությունը, ինչպես նաև հայաստանյան ու արտասահմանյան փորձը ցույց են տվել, որ նման սալիկներն ունեն բավականին բարձր որակ և երկարակեցություն, իսկ ինքնարժեքը 20-30 տոկոսով ցածր է  ցեմենտի խառնուրդից պատրաստված համանման արտադրանքից։ Հոսքագծերից յուրաքանչյուրը կարող է օրական արտադրել մեկ տոննայից ավել շինարարական սալիկ։ Ըստ տեխնոլոգիական բաղադրության՝ սալիկների հիմնական բաղադրիչը մանր ավազն է, որը կազմում է սալիկի կշռի 75-80 տոկոսը, իսկ մնացած 20-25 տոկոսի գերակշիռ մասը կազմում է վերամշակված պոլիէթիլենը»,- ասաց Լափաուրին։

Համաժողովին ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր են այն ծրագրերը, որոնք իրականացվում են Եվրամիության աջակցությամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանաձև տնտեսության զարգացմանը, թափոնների կառավարմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Sirakanyan.JPG (735 KB)

«Նման նախաձեռնությունները նպաստում են այնպիսի մշակույթի ձևավորմանը, որի պայմաններում թափոններն արդյունավետորեն կառավարվում են, կա վերամշակում և հնարավոր է ապահովել կանաչ տնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակ։ Հայաստանը հետամուտ է այն սկզբունքներին, որոնք վերաբերում են շրջանաձև տնտեսությանը, ինչը թույլ է տալիս գործող համակարգերում ստեղծել կայունություն և աղտոտվածության դիմադրողականություն։ Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության 2021-26 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացնում է հստակ օրակարգ, ինչը հնարավորություն է տալիս անցում կատարել կանաչ տնտեսությանը։ Կանաչ և կայուն տնտեսության զարգացման ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով հիմնական ուղղությունները։ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ ներառելով «կանաչ պլանավորումը», ներառական որոշումները, ներդրումները, որոնք անհրաժեշտ են առաջադիմական տեխնոլոգիաների և մոդելների կիրառման համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Սիրականյանը հիշատակեց նաև «կանաչ երկխոսության հարթակի» մասին, որը գործում է Եվրամիության աջակցությամբ, և հավելեց, որ դա արդյունավետ հարթակ է, որտեղ մարդիկ կարող են փոխանակել գաղափարներ, համատեղել ջանքերն ու ներկայացնել տարբերակներ, որոնք օգնում են գտնել արդյունավետ լուծումներ՝ շրջանաձև տնտեսությունը զարգացնելու համար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսն իր հերթին նշեց, որ մեկ տարի առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր մի ուսումնասիրություն, ըստ որի՝ կլիմայական գլոբալ փոփոխությունները, ի թիվս բազմաթիվ երկրների, կարող են շատ բացասաբար անդրադառնալ նաև Հայաստանի վրա, ուստի անչափ կարևոր է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի երկիրը դիմակայի գալիք մարտահրավերներին։ 

Frank hase.JPG (572 KB)

«Շրջանաձև տնտեսությունն այն լուծումներից մեկն է, որն, անշուշտ, հնարավոր է կյանքի կոչել։ Դա սոսկ գաղափար կամ հայեցակարգ չէ, այլ հեղափոխական մի մեթոդ, ինչի շնորհիվ հնարավոր է վերափոխել հանրային վերաբերմունքը ռեսուրսների օգտագործման նկատմամբ։ Տնտեսությունները երկարատև գործունեության տեսանկյունից պետք է ենթարկվեն ընդգրկուն փոփոխությունների։ Նույնիսկ կենցաղային սպառումը պետք է փոփոխել՝ նախապատվություն տալով շրջանաձև տնտեսության հայեցակարգին, այսինքն՝ օգտագործել այնպիսի առարկաներ, որոնք ենթակա են վերամշակման և մեծ վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին։ Մենք կայուն և կանաչ դաշինքի շրջանակում զբաղվելու ենք շատ կարևոր աշխատանքներով, և, որպեսզի դրանք իրականանան, անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունում և համայնքապետարաններում որոշում կայացնողները մշակեն արդյունավետ քաղաքականություն այդ ուղղությամբ»,- ասաց Հեսը։          

Համաժողովին մասնակցեցին շահագրգիռ տարբեր կողմեր՝ ՏԻՄ ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ՀԿ-ների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով, հանգամանորեն ծանոթացան վերոհիշյալ ծրագրի առանձնահատկություններին և քննարկեցին շրջանաձև տնտեսության կիրառման հնարավորություններն իրենց համայնքներում։   

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am