Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերի համար 
պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված քաղաքացիներին  աջակցելու ծրագրերի իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:

 «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ամենակարևոր խնդիրը առաջնային կարիքների և կացարանների  ապահովումն  էր, որից հետո հայտարարեցինք, որ կառավարությունը աջակցության ծրագրերը երեք սկզբունքով պետք է իրականացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:

Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվեց 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև  յուրաքանչյուր անձի տրվել է 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, ինչպես նաև 50 հազար դրամ ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառողական ծախսեր իրականացնելու համար»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը, ներկայացնելով իրականացված փոխանցումների պատկերը, նշեց, որ 100 հազար դրամի աջակցություն տրամադրվել է 112 հազար անձի, 40 գումարած 10 հազարական դրամներ հոկտեմբերին ստացել են 104 հազար 27 անձ, նոյեմբեր ամսվա համար՝ 77 հազար 536 անձ, դեկտեմբեր ամսին՝ 82 հազար 266 անձ: 50 հազարական  դրամ  նոյեմբերին  ստացել են 69 հազար 420 անձ, իսկ  դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ: Ընդհանուր առմամբ՝ այս երեք ծրագրերի իրականացման նպատակով  պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ աջակցող դոնորների միջոցով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ:

«Որպեսզի ռեսուրսներն ավելի ճիշտ և հասցեական օգտագործվի, մենք նաև գործարկեցինք էլեկտրոնային հարթակը և բոլոր այս ծառայությունները և սոցիալական աջակցության ծրագրերը հասանելի դարձան բոլորին: Ընթացքում մշակել ենք նաև տեղեկատվական համակարգեր՝ օգտագործելով տարբեր բազաները, համադրել ենք տվյալները և բոլոր  վճարումները կատարել ենք»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռևս չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից, նախարարն ընդգծեց, որ իրենք  պետք է վստահ լինեն այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը և պետք է համադրեն ձեռքի տակ եղած տվյալները: Ըստ նրա՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց համապատասխան գումարները կփոխանցվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am