Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Առաջին պատերազմն ինձ տնից տուն տարավ, մյուսները՝ երեխաներիս. ԼՂ-ից տեղահանված բազմանդամ ընտանիքի պատմությունը

Առաջին պատերազմն ինձ տնից տուն տարավ, մյուսները՝ երեխաներիս. ԼՂ-ից 
տեղահանված բազմանդամ ընտանիքի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսում ենք, 10-րդ փողոցի 32 տան դարպասների մոտ․ կրկին եկել ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքի պատմություն վավերագրելու հետքերով։

Տան դռնից ներս մեզ դիմավորում է ընտանիքի մայրը՝ 35-ամյա Կարինան, ում գրկում մեղմ ու սիրուն ժպտում է 4 ամսական Անգելինան։ Հրեշտակի անունով աղջնակը սեփական հայրենիքում հասցրել է ապրել ընդամենը մեկ ու կես ամիս։ 

«Փոքրս Ստեփանակերտում է ծնվել՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, բլոկադայի պայմաններում։ Շատ դժվար շրջան էր, ուտելու ամեն ինչ չի, որ կար, բայց ամուսինս այգի էր սարքել, ամեն ինչ ցանել էր։ Մենակ շաքարավազ չկար։ Հացն էլ կտրոնով էինք ստանում, չորս ու կես հաց էր հասնում մեզ։ Հենա, կտրոնը մինչև հիմա պահում ենք՝ որպես հիշատակ»,- իր ժամանակավոր հարկի տակ հյուրընկալած «Արմենպրես»-ի աշխատանքային խմբին է պատմում Կարինան։

Սամվել Համբարձումյանն ու Կարինա Ենիկալոպյանն ամուսնացել են 2004 թվականին, ունեն 7 երեխա, մեծը 16 տարեկան է, փոքրը՝ 4 ամսական։

Կարինան ծնունդով Մարտակերտից է՝ Ներքին Հորաթաղից։ Արցախյան առաջին պատերազմից առաջ հայրն այնտեղ տուն էր կառուցում, սակայն 90-ականների կռվի ժամանակ նրան առաջարկել են ընտանիքի հետ տեղափոխվել ու ապրել Շուշիում։

«Ստացվում է՝ ես եռակի տեղահանված եմ։ Այն ժամանակ էլ ես էի փոքր․․․ Երբ 2020 թվականի կռիվը սկսվեց, մյուս աղջիկս՝ Կատալինան, 1,5 ամսական էր, ու նա էլ իր հայրենի Շուշիում շատ կարճ ապրեց։ Դե, 2023-ի սեպտեմբերին էլ Անգելինան այդ նույն տարիքում կորցրեց Ստեփանակերտի իր տունը․․․ Ես ու իմ երեխաները նույն ճակատագիրն ենք կիսում․ առաջին պատերազմն ինձ տնից տուն տարավ, մյուս պատերազմները՝ նրանց»,- ցավով նկատեց նա։

Կարինա Ենիկալոպյանի 29-ամյա եղբայրը 2020 թվականի նոյեմբերի 2-ին Լաչինում՝ Դժոխքի ձորում, գլխից վիրավորվել է, մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո նոյեմբերի 6-ին՝ մահացել՝ որբ թողնելով 4 երեխայի։

Ամուսինը՝ 41-ամյա Սամվել Համբարձումյանը, ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում, հետագայում տեղափոխվել Շուշի, ամուսնացել, տուն-տեղ դրել։ Արցախցի գրեթե բոլոր տղամարդկանց պես Սամվելն էլ զինվորագրված էր։ Կինը հիշում է՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Սամվելը դիրքերից իջել է տուն, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվել է․․․ Օրեր անց պատերազմի դաշտում գտնվող ամուսինը զանգում է Կարինային ու ասում՝ կռիվը թեժանում է, էրեխեքին վերցրու ու հեռացեք Շուշիից։ Մեկտեղ՝ չի մոռանում վստահեցնել՝ հետ ենք գալու․․․

Հոկտեմբերի 9-ին Համբարձումյանների ընտանիքը Շուշիի քաղաքապետի տրամադրած մեքենայով բերդաքաղաքից իջնում է մայրաքաղաք Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան։ Ամուսիններն ընդգծում են՝ վստահ էին, որ վերադառնալու են, ու հենց այդ պատճառով էլ միայն հագուստ էին վերցրել։

«Ու վերադարձանք․ այսպես ասած՝ պատերազմից հետո, գնացինք Մարտակերտ, մեկ տարի վարձով ապրեցինք։ Հետո Ստեփանակերտում պետությունը մեզ տուն տվեց։ Այդ ժամանակ ես ընտանիքիս ասել եմ՝ իմացեք, որ Ստեփանակերտում մենք «կալցոյի» մեջ ենք, 50-50 է՝ կարող է այնտեղ ապրենք, կարող է՝ մեռնենք։ Ու գնացինք․․․ Սիրուն բակ էինք սարքել, ծառեր էինք տնկել՝ մալինա, նուռ, խաղողի ու վարդի թփեր․․․ Չէինք մտածում, որ Ստեփանակերտը կարող էինք կորցնել։ Հա, գիտեինք, որ կռիվ կլինի, բայց՝ ոչ էս ձև»,- իր ընտանիքի պատմությունը շարունակում է ներկայացնել Սամվելը։

«Կարծում էինք, որ 2 օրյա կռիվ կլինի, բայց հօգուտ մեզ կավարտվի։ Քանի որ ռուսն անտեղ էր, վստահ էինք, որ ռուսը չի թողնի սենց»,- մեր զրույցին է միանում արցախցի ևս մեկ կին, ով ամուսնու ու 2 որդիների հետ Մասիսի նույն տանն է ապաստան գտել։

Սամվելը ժպտալով նայում է հարևանուհուն, գլուխը կախում ու ցածրաձայն շարունակում․

«Փողը բոլոր հարցերը լուծում է․ ռուսի տեխնիկային էլ խփեցին, հետո փողը տվեցին ու վերջ»

Սամվելը կրկին մտովի վերադառնում է 3 տարի հետ, վերհիշում պատերազմի դրվագներն ու վստահեցնում՝ իրենց միայն «բաց օդն է խեղճացրել», այլապես հիմա այլ իրականության մեջ կապրեին։ Հարցնում եմ՝ 2020 թվականի պատերազմի ո՞ր օրը հասկացաք, որ սկսում ենք պարտվել։

«Վերջում․․․ Ստեփանակերտում արդեն քիչ զորք էր մնացել, քանի որ խուճապ էին տարածել, թե իբր Ղարաբաղը ծախված է։ Մենք իմանում էինք, որ մեռնելու ենք, բայց գիտեինք՝ որ վերցնելու ենք մեր Շուշին․․․ Եթե օդը պահեին, մենք ամեն ինչ կանեինք։ Վերևից կարկուտի նման խփում էին, որտեղ ուզում ես մտի, ինչ ուզում ես արա՝ քեզ տեսնում են։ Բացի բայրաքթարից՝ ինչով գար՝ պարտվելու էր։ Մեզ բաց օդն ա մենակ խեղճացրել»,- պատմեց Սամվելը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Համբարձումյանների և Ենիկալոպյանների ընտանիքը գնացել էր Ստեփանակերտի Եղբայրական գերեզման՝ Կարինայի եղբոր ծննդյան օրը նրա շիրիմին խնկարկելու:  Ու նորից սկսվեց պատերազմը…

«Գերեզմաններից տուն 3 կմ է, երեխաներից մենակ փոքրն էր մեզ հետ։ Վազելով հասել եմ տուն, մեկը՝ դպրոցում, մեկը՝ մանկապարտեզում, մյուսները հարևանի նկուղում էին: Բոլորին մի տեղ եմ հավաքել ու իջել ենք նորից նկուղ»,- պատմում է 41-ամյա տղամարդը:   

Նրա խոսքով՝ քաղաքն ակնթարթորեն սկսեց դատարկվել, արդեն մեքենա չէր մնացել։ Սամվելն ընտանիքի, մանկահասակ երեխաների հետ ոտքով հաղթահարել է 12 կմ տարածքն ու մայրաքաղաք Ստեփանակերտից ուղևորվել օդանավակայան։

7 օր օդանավակայանում են քնել՝ բետոնի վրա, սոված ու ծարավ։

«Թուրքին օդանավակայանում ես տեսել եմ, ռուսների հետ կանգնած էին, նայում էին, որ հանկարծ այնտեղից դուրս չգան մարդիկ, որոնք իրանց պետք էին, պիտի բռնեին․․. Վերջում 130 մարդ էինք մնացել։ 3 մեծ ավտոբուս տվեցին, նստեցինք եկանք»,- վերհիշում  է զրուցակիցս։

Մասիսի 10-րդ փողոցի երկհարկանի տանը արցախցի 2 ընտանիք է ժամանակավոր ապրում։ Տանտերը՝ Տիգրանը, տունը վաճառքի է հանել, ամեն պահի կարող է այն ազատելու խնդիր առաջանալ։

Քաղաքապետարանն այս ընթացքում Համբարձումյանների ընտանիքին մի քանի տուն է առաջարկել, բայց, Սամվելի խոսքով՝ բոլորն էլ անհաջող․ մեկը բաղնիք չունի, մյուսի պատերն են քանդված։

«Այս տունը վաղուց է վաճառքի հանված, բայց տանտերը ոտքը «կախ է գցել», մինչև տուն գտնենք, տեղավորվենք։ 150 հազարով տուն էի գտել Մասիսի գյուղերից մեկում, բայց բաղնիք չուներ, դուռ պիտի բացվեր, առանձին մուտք։ Նորմալ տների վարձերն էլ  թանկ են։ 9 շունչ ենք, որից 7-ն՝ անչափահաս, ո՞նց համ վարձ տանք, համ ապրենք։ Ոչ ես եմ աշխատում, ոչ կինս, 50 հազարներն էլ դեռ չենք ստացել, սպասում ենք»,- սրտնեղում է Սամվելն, ով այս պահին մտածում է ոչ միայն տուն գտնելու, այլև՝ կոմունալ ծախսերը վճարելու մասին։

Սամվելն առողջական լուրջ խնդիրներ ունի, մի քանի ամսվա ընթացքում մի քանի անգամ վիրահատվել է.12-մատնյա աղիքը, երիկամը վիրահատված են, լեղապարկը՝ հեռացված։ Երիտասարդ տղամարդը, որը ցավի ու հիվանդության հետևանքով մի բուռ է դարձել, հիմա մեկ երազանք ունի՝ սեփական տուն ունենալ՝ փոքրիկ հողակտորով, որտեղ ինքը գոնե հողագործությամբ, անասնապահությամբ կզբաղվի։

«Բացի աշխատանքս, ես Շուշիում 40-ից ավելի խոզ ունեի, Ջդրդուզի ձորերում արածում էին, հող էի մշակում։ Հիմա էլ ուզում եմ սեփական տուն գտնեմ, որ զբաղվելու գործ ունենամ։ Քանի որ վատառողջ եմ, չեմ կարող ծանրաբեռնված աշխատել, գոնե մի քանի խոզ, հավ կպահեմ, հող կմշակեմ ու կապրենք, մինչև տեսնեմ՝ ինչ եմ անում»,- ասում է նա։

Այս գորշության մեջ Սամվելն, այնուամենայնիվ, լուսավոր մի բան տեսնում է․ ամբողջ հայ ազգը միասին է, ու եթե բոլորով միանան, հնով ու նորով խելք խելքի տան՝ հզոր ազգ ու երկիր կդառնան։ Նկատում է՝ հանուն հայրենիքի ու հանուն ժողովրդի՝ պետք է ամեն ինչ մի կողմ դնել ու համախմբվել։

«Թուրքը չի ուժեղացել, թուրքը նույն թուրքն է, մենք ենք թուլացել… Գիտեք, այն, ինչի միջով անցել եմ՝ հեչ, իմ համար ամենադժվար պահն իմ հայրենիքի կորուստն է, այն, որ իմ հայրենիքը չկա։ Երբ Շուշին կորցրեցի, Ստեփանակերտս կար, ու հույս ունեի, որ մի օր կվերադարձնենք մեր բերդաքաղաքը։ Բայց հիմա իմ Ստեփանակերտն էլ չկա, հայրենիքս չկա: Ապրում ենք՝ օրը լուսացնելով»,- եզրափակում է Սամվելը: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հեղ. Նելլի Մարգարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am