Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Շուրջ 50 մարդուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաների մասով քրվարույթն ուղարկվել է դատարան

Շուրջ 50 մարդուց կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրային խմբի 
պաշտոնյաների մասով քրվարույթն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի երկու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի կաշառք ստանալու և գումարների հափշտակության 50 դեպք: Ընդ որում՝ մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են իրենց նախաձեռնությամբ առաջարկել և տվել կաշառքի գումարները՝ որպես մատուցված անձնագրային ծառայությունների դիմաց «շնորհակալություն»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով վերը նշված անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, տասներկու դեպքում անձամբ, իսկ երեսունհինգ դեպքում նույն անձնագրային խմբի առաջատար մասնագետ-խմբի ղեկավար Լ. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խախտել են օրենսդրությամբ սահմանված արգելքը և բազմաթիվ քաղաքացիների ու նրանց մատնանշած անձանց օգտին իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ անձնագրային գործողություններ կատարելու համար վերջիններից պահանջել և ստացել են կաշառք:

«Մասնավորապես՝ Ա. Ս.-ն և Լ. Հ.-ն  նույնականացման քարտերի տրամադրման սահմանափակումների պայմաններում վերոհիշյալ անձանց նախապատվություն տալու ու նշված քարտերը տրամադրելու, անձնագրային գործողություններն արտահերթ կատարելու կամ անձնագրային և վիզաների վարչության գործառույթներից բխող այլ գործողություններ իրականացնելու համար, պետական տուրքի գումարներից բացի, քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 2.000-ից 50.000 ՀՀ դրամ կաշառք:

 Օրինակ՝ անձնագրային խումբ դիմած անձանցից մեկի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ձևակերպելու և տրամադրելու, ինչպես նաև համապատասխան հասցեում վերջինիս հաշվառելու համար 2023 թվականի հունվարի 11-ին հիշյալ պաշտոնատար անձինք պետական տուրքի գումարներից բացի, նրանից պահանջել և ստացել են 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտի ձևակերպումներն էլ կատարելու համար նրանից, բացի 3.300 ՀՀ դրամ պետական վճարից, որպես կաշառք պահանջել են 20.000 ՀՀ դրամ, որից բացի, տվյալ քաղաքացին իր նախաձեռնությամբ տվել է ևս 5.000 ՀՀ դրամ կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը նկարագրված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ):

Լ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (35 դրվագ) և 44-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]