Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի հարցազրույցը

Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի 
տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի 
հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է, թե ինչ պարտավորություններ և անելիքներ ունի Հայաստանը կլիմայական մարտահրավերների դեմ գլոբալ պայքարի համատեքստում։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր աշխատանքային այցը Դուբայ, որտեղ  նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28):

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը մասնակից է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում համաշխարհային պայմանավորվածություններին, որոնք երկիրը կնքել է տարբեր տարիների ընթացքում։

Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, ունի արտանետումները կրճատելու և սահմանափակելու, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների տեսակարար կշռի մեծացման պարտավորություն։ «Մեր էներգետիկ ռազմավարության մեջ վերջերս փոփոխություն տեղի ունեցավ, և մենք նախատեսում ենք արդեն 2030 թվականին մեր էներգետիկ համակարգում արևային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Մենք ռեալ ենք համարում, որ 2030 թվականին կարող ենք հասնել դրան»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, որ այս պահին արևային էներգիայի տեսակարար կշիռը Հայաստանի էներգետիկ համակարգում 5 տոկոս է։  

Նախագահը մանրամասնեց, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է ընդհանրապես այլընտրանքային էներգիայի (հիդրոկայանները, հողմային և արևային էներգիա, ատոմային էներգիա) տեսակարար կշիռը ՀՀ էներգետիկ համակարգում հասցնել մինչև 60 տոկոսի:

Վահագն Խաչատուրյանը կարևորեց այն հանգամանքը, որ բոլորն են համաձայն, որ հարկավոր է հրաժարվել նաև հանածո վառելիքի օգտագործումից  և աստիճանաբար անցնել այլընտրանքային էներգիայով աշխատող ավտոմեքենաների օգտագործման՝ հստակեցնելով, որ խոսքը հիմնականում էլեկտրոմոբիլների կամ, տեխնոլոգիական նոր լուծումներ գտնելու դեպքում, ջրածնով աշխատող մեքենաների մասին է։

Հաջորդ կարևոր խնդիրն այս գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումն է։

Նախագահի խոսքով՝ վերը նշված պարտավորությունները համաշխարհային մակարդակով դրված են բոլոր երկրների առջև, և Հայաստանը չի կարող այդ ամենից զերծ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am