Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշման պատճառը

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն ընդգծել է, որ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում։

«Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն  Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ որպես Ռուսաստանի դաշնակից,  բազմաթիվ անգամներ շատ-շատ վատ է դրսևորել իրեն՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելուց: Այսինքն՝ Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կա՛մ չի արձագանքել, կա՛մ չի կարողացել դա անել»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ռուսական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա, այնինչ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բազմիցս Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նախագահին:

«Բայց Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք: Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձի պայմանավորվածությունը և այլն: Բայց Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չի նկատել, որպեսզի դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը:  Ալեն Սիմոնյանն այդ մասին նամակով տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]