Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԵՄ-ն մտադիր է կայուն հարաբերություններ կառուցել Պեկինի հետ․ մեկնարկել է ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-ն մտադիր է կայուն հարաբերություններ կառուցել Պեկինի հետ․ մեկնարկել է 
ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ցանկանում է, որ իր հարաբերությունները Չինաստանի հետ լինեն կայուն և փոխշահավետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Պեկինում ԵՄ-Չինաստան գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը։

«Մենք միասնական ենք Չինաստանի հետ կայուն և փոխշահավետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ շարժվելու հարցում», - ասել է Միշելը։

ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին նաև ներկա են եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ ԵՄ ներկայացուցիչների ելույթների տեսագրությունը ֆոն դեր Լայենը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր ողջույնի խոսքում նշել է, որ ուրախ է գագաթնաժողովում մտքերի անկեղծ փոխանակման հնարավորություն ունենալու համար։

«Մենք կքննարկենք, թե ինչպես հավասարակշռել մեր տնտեսական հարաբերությունները», - ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Չինաստանը ԵՄ-ի ամենակարևոր տնտեսական գործընկերն է, սակայն նրա հետ հարաբերություններում «կան ակնհայտ անհավասարակշռություններ և տարբերություններ, որոնք մենք պետք է վերացնենք»։

Իր հերթին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը նշել է, որ ՉԺՀ-ն և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ:

«ՉԺՀ-ն և ԵՄ-ն պետք է գործընկերներ լինեն փոխշահավետ համագործակցության բնագավառում, մշտապես ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և հասնեն ռազմավարական փոխհամաձայնության»,- ընդգծել է նա:

Դեկտեմբերի 7-ին Պեկինում մեկնարկել է Եվրամիության և Չինաստանի ղեկավարների՝ վերջին գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին առկա ձևաչափով գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական կետերը, բացի երկկողմ հարաբերություններից, կլինեն նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am