Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

ԱՄՆ-ից ներդրողները պատրաստվում են ֆինանսավորել Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գյուտը

ԱՄՆ-ից ներդրողները պատրաստվում են ֆինանսավորել Հայաստանի ֆիզիկայի 
ինստիտուտի գյուտը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն մոտ 2 տարի է՝ Հայաստանում ստեղծվել և գործում է Տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակը։

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը պատմեց, որ առաջարկությունը ներկայացվել էր  կառավարությանը, և վարչապետի հավանությունը ստանալուց հետո մեկնարկեց այդ մտահղացման  իրագործումը։

«Որպես լիազոր մարմին՝ ծրագիրն ուղարկվեց Էկոնոմիկայի նախարարության հաստատմանը, բայց այն չկարողացավ հասցնել այն կետին, որպեսզի հաստատվի և ֆինանսավորում տրամադրվի։ Ուստի, որոշեցինք եղած ուժերով սկսել պիլոտային ծրագիրը։ Ներառեցինք մոտ 7 հոգանոց խումբ՝ մի մասը Սփյուռքից, մի մասը Հայաստանից, որոնք այս երկու տարվա ընթացքում աշխատում էին գիտնականների, լաբորատորիաների, տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի նախնական բազա հավաքագրեն այն մասին, թե ինչ պոտենցիալ, գյուտեր ու տեխնոլոգիաներ կան Հայաստանում, իսկ այնուհետև նախնական գնահատեն ու կապեն ներդրողների հետ»,-մանրամասնեց Մարգարյանը։

406027465_875935750665609_369645668731643001_n.jpg (144 KB)

Նրա խոսքով՝ այդ ընթացքում խմբի անդամները նաև  գիտնականներին ու ինստիտուտներին ներկայացնում էին մտավոր սեփականության հետ կապված տեղեկատվություն՝ թե ինչպես  պետք է պահպանեն իրենց  գյուտերն ու տեխնոլոգիաները։ Այդ շրջանակներում բազմաթիվ սեմինարներ են կազմակերպվել՝ շատ միջազգային փորձագետների ընդգրկմամբ։

Ըստ Մարգարյանի՝ խմբի ղեկավարը Հայ-ամերիկյան գիտնականների և ինժեներների միության ներկայացուցիչն է։  

«Այս միությունը միավորում է 2000 ինժեներների ու գիտնականների ԱՄՆ-ից, որոնք մեզ հասարակական հիմունքներով օգնում էին, որպեսզի Տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակը ձևավորվի։ Տեխասի համալսարանի ազգությամբ հայ պրոֆեսորի  և մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ նախատեսվում է, որ արդեն մինչև տարեվերջ Ֆիզիկայի ինստիտուտում առաջին պայմանագրերը կկնքվեն։ Կան ներդրողներ ԱՄՆ-ից, որոնք հավանել են Ֆիզիկայի ինստիտուտի գյուտերը, և այժմ նախապատրաստվում են պայմանագրերի տեքստերը»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝  ամերիկյան ներդրողի ուշադրությանն է ներկայացվել Ֆիզիկայի ինստիտուտի՝ ֆոտոնների հետ կապված գյուտը, և նա պատրաստ է ներդրում կատարել, որպեսզի նախատիպը ստեղծվի։ Այդ գյուտը նախատեսված է ներդնել  բժշկության բնագավառում։

Գրասենյակի երկրորդ կարևոր նպատակադրումը արտասահմանյան հետաքրքիր տեխնոլոգիաները Հայաստան բերելն է։

Մարգարյանը նշեց, որ կենտրոնի շնորհիվ Հայաստանն ընտրվել է որպես Մարսի անալոգ սիմուլյացիայի առաքելությունն ընդունող երկիր։

Նրա տեղեկատվությամբ՝ Արարատի մարզում արդեն սկսվել է համապատասխան բազայի կառուցման գործընթացը, որտեղ մոտ 200 միջազգային գիտնականներ ու տիեզերագնացներ պետք է փորձարկումներ ու հետազոտություններ կատարեն և փորձով կիսվեն Հայաստանի  գիտնականների հետ։

Մարգարյանը մեծ բաց է նկատում այն առումով, որ չեն օգտագործվում այն միջազգային դոնոր կազմակերպությունների հնարավորությունները, որոնք   պատրաստ են ներդրումներ կատարել  հայկական ստարտափերում։

«Ես Angel investor ակումբների անդամ եմ ու մեր ստարտափերին կապում եմ տարբեր ներդրողների ու վենչուրային կազմակերպությունների հետ։ Վերջերս Հայաստանում բացվեց Միջազգային առևտրի պալատի մասնաճյուղը, որն ամենամեծ բիզնես ասոցիացիան է աշխարհում։ Դրա միջոցով մենք նորից բացում ենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ պատուհանը մեր ստարտափերի, երիտասարդ ձեռներեցների և գիտնականների համար»,-հավելեց նա։ 

ՆՁԱԿ-ի ղեկավարը, խոսելով շահագրգիռ անձանց իրենց ծրագրերի մասին իրազեկելու գործընթացից, հայտնեց, որ այդ նպատակով կազմակերպվում են ֆորումներ ստարտափերի ու երիտասարդ ձեռներեցների համար։ Վերջերս նման միջոցառումներ են կազմակերպվել մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում։

«Միշտ հրավիրում ենք միջազգային ներդրողների Շվեյցարիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից։ Ուզում ենք շեշտը դնել մեր տնտեսությունը եվրոպական ու ամերիկյան շուկաների վրա դիվերսիֆիկացնելու վրա։ Ֆորումների ժամանակ  ներդրողներին, գիտնականներին և երիտասարդ ձեռներեցներին միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն է ընձեռվում  և ցույց է տրվում, թե ինչպես կարող են իրենց ապրանքն արտահանել եվրոպական կամ ամերիկյան շուկաներ»,-ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ այդ շուկաներում բացում են նաև Հայաստանի էքսպո-տաղավարներ, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց արտադրանքը։ Եվրոպայում բացել են մի քանի ժամանակավոր տաղավարներ՝ չնայած ցանկություն ունեն դրանք մշտական դարձնել։ 

Ներկայում հաջողվել է Չինաստանում բացել Հայաստանի ազգային մշտական տաղավարը, որտեղ ներկայացված է հայկական արտադրանքը։ Նույնը փորձում են անել Եվրոպայում և ԱՄՆ-ում, սակայն ռեսուրսի պակաս ունեն, քանի որ այդ ամենը սեփական ուժերով են իրագործում։

Կենտրոնի տնօրենը գոհունակությամբ հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեսնելով փոքր ռեսուրսով ստացված արդյունքը, պատրաստակամություն է հայտնել հաջորդ տարվանից ֆինանսավորել Տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակին, ինչը խթան կհանդիսանա, որպեսզի միջազգային դոնոր կազմակերպությունները ևս միջոցներ հատկացնեն։

«Հայաստանն, ինչպես գիտենք, մեծ ժառանգություն ունի գիտության հետ կապված տեխնոլոգիաների տեսանկյունից։ Մեր տեսլականը գիտելիքահենք տնտեսությունն է, որի շնորհիվ կկարողանանք տնտեսական թռիչք ապահովել։ Շեշտը պետք է դրվի նորարարությունների ու տեխնոլոգիաների վրա»,-ընդգծեց գործադիր տնօրենը։

Մարգարյանի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը անհրաժեշտ ֆինանսական միջոցներ է հատկացրել այն ծրագրի համար, որոնց նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն է Հայաստանի մասնավոր ընկերություններում։ Այդ ծրագրի շրջանակներում, որի իրականացնող մարմինը ՆՁԱԿ-ն է, 20-ից մինչև 70 տոկոսի չափով փոխհատուցվում է նրանց աշխատավարձը։

Դա, մեր զրուցակցի համոզմամբ, մասնավոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ընդգրկել միջազգային փորձ ու կրթություն ունեցող փորձագետների։

Ծրագիր է իրականացվում նաև Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվում այն դպրոցականներին, որոնք գիտության ասպարեզում նախնական հետազոտություններ են կատարում և գյուտեր են հեղինակում։

Մարգարյանը ներկայացրեց նաև Հայաստանում ստեղծված «Մեղրաջուր» անվանմամբ նորարական բաժակը, որում հերմետիկ և առանձնացված պահպանվում են ջուր ու մեղր կամ սուրճ՝ հայտնելով, որ կենտրոնի գործընկերների աջակցությամբ այն արդեն արտադրական փուլում է, և նույնիսկ հասցրել են արտահանել Չինաստան։

Կենտրոնում է գործում նաև խորհրդային ժամանակներից մնացած գիտատեխնիկական մեծ գրադարան, որը պարունակում է մոտ 20 միլիոն օրինակից բաղկացած գրքեր, լիցենզիաներ, տեխնոլոգիաների պատենտների արխիվներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]