Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Լոգախցիկներն ու սանհանգույցներն առանձնացված են միայն միջնապատով. ՄԻՊ- ը չհայտարարված այց է կատարել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Լոգախցիկներն ու սանհանգույցներն առանձնացված են միայն միջնապատով. ՄԻՊ-
ը չհայտարարված այց է կատարել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2023 թվականի նոյեմբերի 28-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ուսումնասիրվել են Հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատողների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:

Այցի արդյունքում արձանագրվել են նախորդ մշտադիտարկման չհայտարարված այցից հետո վեր հանված խնդիրների հետ կապված դրական փոփոխություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են սքրինինգային ծրագրերի իրականացման, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, աշխատողների աշխատանքի կազմակերպման, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, երեխաների կարիքների գնահատման մեթոդաբանության և այլ ոլորտներին։ Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության տնօրինությունը ընդհանուր առմամբ հետևողական է երեխաների միջև և նրանց հանդեպ բռնության դեպքերի արձանագրմանը, որի մասին են վկայում համապատասխան գրանցամատյանում կատարված գրառումները։

Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրմանը, այնուամենայնիվ, Պաշտպանն արդիական է համարում մի շարք համակարգային խնդիրներ:

Մասնավորապես՝

Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չեն բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, որոշ սենյակներ հասնելու համար Հաստատության սաները ստիպված են լինում անցնել այլ խմբի համար հատկացված ննջասենյակների միջով, հանգստի սենյակները որոշ դեպքերում առանձնացված չեն ննջասենյակներից։

Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, լոգախցիկները, սանհանգույցները իրարից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը: Սանհանգույցների պատուհանները հիմնականում չունեին վարագույրներ։ Ննջասենյակներից մեկում ևս արձանագրվել է շերտավարագույրի անսարքության դեպք։

Որպես մեկուսարան առանձնացված սենյակը չէր բավարարում մեկուսարանային բաժանմունքի պահանջներին։

Այցի պահին շենքային պայմանները մասամբ էին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Օրինակ՝ սանհանգույցները մատչելի չէին:

Հաստատությունում շարունակում էին խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը հակասում է ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությանը, այնպես էլ Հաստատության կանոնադրությանը։

Առկա էր աշխատողների ռեսուրսների պակաս: Աշխատողների թիվը Հաստատությունում խնամք ստացող երեխաների թվի համեմատությամբ բավարար չէր, որը ավելի տեսանելի էր պալիատիվ բուժօգնության և խնամքի տրամադրման գործընթացում: Թերի իրավակարգավորումների հետևանքով 14 երեխայի խնամքը ժամը 18:00-ից հետո իրականացնում է մեկ դայակ, ինչը առաջացնում է երեխաների սննդի տրամադրման և անձնական հիգիենայի ապահովման հետ կապված խնդիրներ:

Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, Հաստատության տնօրինության և ոլորտային մասնագետների դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին:

Պատճառներից մեկը սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչների և ծրագրերի բացակայությունն է:

Չնայած երեխաների հետ աշխատողների կողմից կոնկրետ մեթոդաբանությամբ իրականացվող աշխատանքներին՝ արդիական է մնում պետության կողմից այդպիսի աշխատանքների կազմակերպման հարցում ուղեցույցների, աջակցող նյութերի և մասնագիտական ձեռնարկների մշակման ու ներդրման հարցը:

Նշված և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]