Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Իշխանությունը բավարար բարեփոխումներ կատարել է, գնդակը հիմա արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է. ՀՀ վարչապետ

Իշխանությունը բավարար բարեփոխումներ կատարել է, գնդակը հիմա 
արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  վարչապետն այս մասին հայտարարեց, Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ։

«Բայց պիտի նաև արձանագրեմ՝ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների  ակտիվացման համար: Այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության բոլորովին նոր ինստիտուտներ են ներդրվել: Օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (խմբ.՝ նախկինում Պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողով), որի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է 443 տոկոսով: 2024 թվականին այս ցուցանիշը կդառնա 566 տոկոս: Ներդրվել են հայտարարագրման և բարեվարքության գնահատման նոր համակարգեր, որոնք գտնվում են զարգացման գործընթացի մեջ, և այս աշխատանքը պետք է շարունակել»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը ակնհայտ է համարում մեկ բան, որի մասին հայտարարեց ևս մեկ անգամ՝ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են, և սա Կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իր քաղաքական կամքն է:

«Բայց այս քաղաքական կամքն իրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարգեր, շարունակել այդ գործընթացը, պատասխանատվության համակարգեր, որ քննիչի, դատախազի, դատավորի սուբյեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա: Իմ զգացողություն  այն է, որ մեզ դեռևս չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել, ու որքան էլ տրիվիալ հնչի, այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ, այն փոփոխության, որի մասին մենք վերջին շրջանում խոսում ենք՝ «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի շրջանակներում:                            

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ եղի՛ր օրինապահ:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ հաղորդի՛ր հանցանքի մասին:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մի՛ կաշառվիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մի՛ գողացիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մի՛ կեղծիր:

 

Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մի՛ կաշառիր:

 

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կռավարության հարգելի անդամներ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ,

Կարծում եմ վերջին հինգ տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, բավարար՝ այդ թվում կադրային լուծումների գնացել, որպեսզի ակնկալելու իրավունք ունենա, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ, և հետևաբար, գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է:

2024 թ. պետական բյուջեն շարունակում է Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը որպես ինստիտուտ ուժեղացնելու գործընթացը: Նաև այս պատճառով՝  կոչ եմ անում կողմ քվեարկել 2024 թ. պետական բյուջեի նախագծին»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]