Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պորտֆելը ներառում է հեռանկարային նախագծեր. մասնագետի կարծիքը

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պորտֆելը ներառում է հեռանկարային 
նախագծեր. մասնագետի կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորարարության և ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանի կարծիքով՝ որքան էլ միջազգային գործընկերներն օգնեն մեր երկրին, միևնույնն է՝ Հայաստանում առանցքային է մնում սեփական հանրային ֆինանսներն արդյունավետորեն կառավարելու կարողությունը։    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ելույթ ունենալով «Նորարարությունը՝ գործնականում. առաջնորդելով փոփոխությունները և փոխակերպումները» թեմայով համաժողովում՝ Տիգրան Ճորոխյանը նշեց, որ ԵՄ-ն և ՄԱԿ-ը շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում կայանա որոշումներ կայացնելու գործում նորարարական մոտեցումների վրա հենվելու մշակույթը, որպեսզի հանրային ինստիտուտների վերափոխման միջոցով հնարավոր լինի ավելի դիմակայուն լինել երկրի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում։

Բանախոսի դիտարկմամբ՝ աշխարհը լի է ճգնաժամերով, իրար հաջորդող և հաճախակի դարձած գլոբալ խնդիրներով, ինչը հանրային ինստիտուտներից ու հասարակություններից պահանջում է առավելագույն համախմբվածություն, ճկունություն և իրավիճակներին հարմարվելու կարողություն։ Նախանշվող ծրագրերն ու քաղաքականությունը պետք է միտված լինեն նրան, որ հնարավորինս խուսափենք ճգնաժամերի բացասական հետևանքներից։

«Անցյալ տարի մենք ներկայացրինք կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի հաջողությունները վերջին հինգ տարիների կտրվածքով։ Այսօր պատեհ առիթ է՝ ներկայացնելու մեր պորտֆելի իրականություն դարձած և ընթացքի մեջ գտնվող ինովացիոն ծրագրերը։ Տարբեր ինստիտուտների աշխատանքի ցածր արդյունավետությունը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել, այլ առկա են խորքային պատճառներ, տարբեր պատմական գործընթացների հետ կապված խնդիրներ, որոնք առաջին հայացքից դժվար է հաղթահարել, բայց մի փոքր ավելի ջանք ներդնելու պարագայում անհնարինը հնարավոր դարձնելը շատ հավանական է»,-ասաց Ճորոխյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շնորհիվ իրականացվում են ծրագրեր, որոնք ոչ միայն վերափոխում են մարդկանց կյանքը, այլև փորձ է արվում իրականացնել համակարգային տրանսֆորմացիոն ծրագրեր, որոնք ապահովում են երկարաժամկետ հեռանկար քաղաքացիների ավելի բարեկարգ ու բարենպաստ կյանքի համար։ Ճորոխյանը հանգամանորեն ներկայացրեց, թե իրենց պորտֆելն ինչ կարևոր նախագծեր և ծրագրեր է պարունակում։

«Դրանցից մեկը Երևանի քաղաքապետարանի համար իրականացված ծառայությունների թվայնացման գործընթացն էր, որը բավականին երկար տևեց, քանզի փորձ էր արվում այն ավելի մարդակենտրոն դարձնել։ Արդյունքում կարողացանք ստեղծել ծառայությունների համակարգ, որը ոչ միայն հնարավորություն տվեց քաղաքապետարանին առցանց ծառայություններ մատուցել քաղաքացիներին, այլև կառույցի ամբողջ աշխատանքը դարձրեց առցանց։ Արդեն ավելի քան 10 000 դիմումներ են ընդունվել, որոնց հիման վրա տրվել են համապատասխան թույլտվություններ և որոնց շնորհիվ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը դարձել է ավելի մատչելի։ Մյուս ոլորտի բարեփոխումներն առնչվում են ոստիկանությանը, որի հետ մեր թիմն աշխատել է անմիջականորեն։ Խոսքը վերաբերում է ՆԳ նախարարությանն աջակցելուն, ինչի շնորհիվ որոշումների կայացման գործընթացը դարձել է ավելի փաստահենք ու տվյալահենք։ Նախ` մշակել ենք ոստիկանության թվային տրանսֆորմացիայի ռազմավարական մակարդակի ճանապարհային քարտեզ, որը կքննարկվի ընթացիկ ամսում և հիմք կհանդիսանա ավելի մեծ թվային փոխակերպման համար։ Դրան  զուգահեռ իրականացվում են այլ աշխատանքներ, որոնցից մեկը վերաբերում է ոստիկանության տվյալների յոթ հիմնական շտեմարանների և ռեգիստրների ստանդարտացմանն ու արդիականացմանը, վերլուծությունների գործիքի մշակմանը, ինչի արդյունքում ոստիկանությունը կկարողանա սահուն կերպով օգտվել առկա և հավաքագրվող տվյալներից՝ ստանալով զեկույցներ իրական ժամանակում։ Դա կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել՝ իրավական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար»,-ասաց Ճորոխյանը։

Մյուս կարևոր ծրագիրն առնչվում է ճանապարհային անվտանգության հիմնախնդրի կարգավորմանը, որն ընդգրկում է ավելի շատ գերատեսչություններ ՀՀ կառավարությունից։ Այստեղ նույնպես մշակվել է տվյալների վերլուծության գործիք, որի միջոցով հնարավոր է վերլուծել ՃՏՊ-ների ամբողջ քարտեզը՝ դուրս բերելով բոլոր սև կետերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում ծանր հետևանքներով պատահարներ։ Տվյալ գործիքն ի ցույց է դնում խնդիրների մի բույլ, որոնք լուծելու դեպքում կարող ենք առաջ շարժվել ու բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը։

Ճորոխյանի տեղեկացմամբ՝ հաջորդ ծրագիրն առնչվում է զբոսաշրջության ոլորտին, որտեղ մշակվել է համապատասխան գործիք, որի շնորհիվ հնարավոր է դարձել ավտոմատ կերպով Հայաստանի մասին բոլոր զբոսաշրջիկների կարծիքները ներբեռնել, վերլուծել և ցուցադրել արդյունքները։ Ավելացվել է ՀՀ-ում զբոսաշրջիկների հետագիծը տեսնելու գործառույթը՝ մոբայլ օպերատորների հետ ակտիվ աշխատելու միջոցով։ Շուտով շրջանառության մեջ կդրվի ՀՀ շրջանների բիզնես առավելությունների վերլուծության գործիքը՝ համեմատելով զբոսաշրջային կլաստերները զարգացած երկրների նույնանման միջավայրի հետ։      

«Եվս մեկ կարևոր ծրագիր վերաբերում է ՏԻՄ-երին՝ «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում։ Այստեղ նույնպես ցուցաբերվում է համակարգային մոտեցում՝ մեծ ներդրումներ կատարելով համայնքների նորարար կարողությունները զարգացնելու գործում, որպեսզի խնդիրներին տրվեն մարդակենտրոն լուծումներ։ Համայնքներից երեքը՝ Արենին, Կապանը և Գյումրին պահանջում են առավել մեծ ներդրումներ։ Տեղերում արդեն կան թիմեր, որոնք այլ կերպ են նայում խնդիրներին։ Կապանում փորձում են մասնակցային դարձնել համայնքային կառավարումը։ Արենին ավելի շատ կենտրոնացել է համայնքային տուրիզմի զարգացման վրա, իսկ Գյումրին թիրախավորել է մշակութային տուրիզմը՝ իրականացնելով կրեատիվ նախագծեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն»,-նշեց Ճորոխյանը։    

Մասնավոր սեկտորի հետ աշխատելով՝ ՄԱԶԾ-ն փորձում է կայուն զարգացման նպատակների իրականացումն ավելի արագացնել՝ մեծ ուշադրություն դարձնելով զբաղվածության խնդրին։ Պատահական չէ, որ կառույցն ակտիվորեն մասնակցել է ՀՀ զբաղվածության նոր ռազմավարության մշակման աշխատանքներին՝ տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչներին աշխատանքով ապահովելու նկատառությամբ։ Ընդ որում՝ բիզնես միջավայրի հետ աշխատանքներում ներդրվել են ճկուն մեխանիզմներ, այսինքն` կատարվել են քայլեր՝ նրանց գործունեությունն աշխատաշուկայի պահանջներին ադապտացնելու ուղղությամբ։       

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]