Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար. Արայիկ Հարությունյան

Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր նախաձեռնել «Խաղաղության 
խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է տարածաշրջանային երթուղիների համապարփակ, ներառական և ոչ խտրական կիրառման, երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման սկզբունքներով, տարածաշրջանում բոլոր կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ողջունելով մասնակիցներին։

«Այս գիտակցումով է, որ Հայաստանի կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես մեր կողմից որդեգրված խաղաղության օրակարգի կարևորագույն մի մաս: Այդ հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է՝ նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր կառուցելու, հները նորոգելու և գործարկելու միջոցով»,- հավելեց նա՝ նշելով, որ նախագծի նպատակն է՝ վերականգնել տարածաշրջանի կարևոր դերը՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում անխոչընդոտ տարածման ապահովման գործում:

Հարությունյանը կասկածից վեր համարեց այն, որ բեռների, ապրանքների և մարդկանց տեղաշարժի նոր հնարավորություններն իրենց հերթին կապահովեն անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաև՝ տնտեսական աճի լուրջ նախադրյալներ տարածաշրջանի բոլոր երկրների համար:

«Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչման համար: Ցանկանում եմ նշել նաև, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է միջազգային բոլոր գործընկերների գործուն աջակցությունը»,-ընդգծեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ մեր օրերում միջազգային հարաբերությունների՝ բոլորին հայտնի սկզբունքներն ու կանոնները խարխլվում են, իսկ  համագործակցային անվտանգության նկատմամբ վստահությունն ու լավատեսությունը շարունակում է նվազել: Սակայն, Հայաստանը հավատում է կայուն խաղաղության հասնելու, բոլոր վերքերը և հակամարտությունները խաղաղ միջոցներով հանգուցալուծելու տարածաշրջանի ժողովուրդների ցանկությանն ու կարողությանը:

«Փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր են պահանջում, ու Հայաստանը ևս պատրաստ է իր նպաստը բերել առկա մարտահրավերների հաղթահարման, մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործընթացում: Պատմականորեն Հայաստանը միշտ եղել է հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող խաչմերուկում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով: Այսօր ևս ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Հայաստանը պատրաստ է ծառայել որպես կապող հանգույց նման փոխգործակցության համար»,-հավաստել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մոտ 30 տարի շրջափակված իր հարևաններից երկուսի կողմից՝ Հայաստանը լավ գիտակցում է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների լիարժեք կենսագործունեության կարևորությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ համաժողովի ընթացքում ակտիվ երկխոսություն կծավալվի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:

Ըստ նրա՝ վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր մարտահրավերներին գալիս են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերը՝ ավելի են կարևորվում նման քննարկումները:

«Կարծում եմ, որ այս համաժողովը կարող է դառնալ հաջողված հարթակ, և պետք է ապահովել վերջինիս շարունակականությունը՝ հրավիրելով նաև մասնակիցներ տարածաշրջանի այլ երկրներից: Բայց այն ներկայացուցչականությունը, որ այստեղ կա, արդեն լուրջ լավատեսություն է ներշնչում»,-ընդհանրացրեց Հարությունյանը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին է ներկայացվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]