Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Նորարարության խնդիրներին վերաբերող համաժողովում նշվեցին այն ուղենիշերը, որոնք թիրախային են Հայաստանի համար

Նորարարության խնդիրներին վերաբերող համաժողովում նշվեցին այն ուղենիշերը, 
որոնք թիրախային են Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կարծիքով՝ հատկապես պետական կառավարման ոլորտում նորարարությունների կիրառումը կարևոր մարտահրավեր է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ելույթ ունենալով «Նորարարությունը՝ գործնականում. առաջնորդելով փոփոխությունները և փոխակերպումները» թեմայով համաժողովում՝ Նացվլիշվիլիին նշեց, որ թվում է թե խնդիրը բավականին հավակնոտ է, բայց պետական կառավարման ոլորտն ավանդաբար իր էությամբ պահպանողական է և նորարարությունների խթանում այդտեղ կարող է նույնիսկ հնարավոր չլինել, բայցևայնպես նորարարությունների շնորհիվ անհնարինը դառնում է հասանելի՝ հանուն ավելի մեծ հանրային բարիքի։

«Մենք նպատակ ունենք բարեփոխելու նորարարությունների համակարգը Հայաստանում՝ հատկապես փոխելով այն, թե ինչպես ենք ընկալում, նախագծում  և իրականացնում բարեփոխումները, հատկապես ճգնաժամերի ընթացքում՝ հանուն հայ հասարակության։ Նորարարությունն արդիական գործիք է՝ առկա դժվարությունները հաղթահարելու համար։ Այս թեզի կենսունակությունն ապացուցվել է բազմաթիվ երկրներում։ Հուսով ենք, որ տվյալ փորձից կարող է օգտվել նաև Հայաստանը, առավել ևս, որ նա գլոբալ նորարարական ինդեքսի հաշվարկով 150 երկրների ցանկում 80-րդն է։ Մարտահրավերը հենց այստեղ է և այն հաղթահարելու համար Հայաստանը գտնվում է ճգնաժամերի արձագանքման և հետագա զարգացման խաչմերուկում։ Ստեղծված բարդ իրավիճակի անկյունաքարը, մասնավորապես, մարդկային կապիտալի զարգացումն է համայնքահեն ուսումնառության և փոխգործակցային հարթակների համադրման միջոցով, որտեղ առավել ծանր խնդիրները լուծվում են նոր գաղափարների շնորհիվ։ Այս ճանապարհը Հայաստանին մոտեցնում է գլոբալ միջազգային համայնքին»,-ասաց Նացվլիշվիլին։

Նրա տեղեկացմամբ՝ տվյալ նախաձեռնությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնվել է դեռ տասը տարի առաջ և այդ պահից ի վեր հետևողականորեն ու համառորեն առաջ է տարվում՝ սերտելով բազմաթիվ դասեր, բախվելով բազմաթիվ մարտահրավերների, անելով անհրաժեշտ եզրակացություններ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Նացվլիշվիլին ներկայացրեց երեք հիմնական ուղենիշ-գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել հիմնանպատակների իրականացմանը։

«Առաջինը համերաշխության ուժն է նորարարների համայնքում։ Հանրային և պետական ոլորտում այդ համերաշխությունը խարսխված է հավաքական ջանքերի վրա։ Ամեն ինչ միտված է ներդաշնակ համայնք ստեղծելուն և նրա շրջանակներում առկա էներգիան արդյունավետորեն օգտագործելուն։ Մենք հանձնառու ենք նպաստել այս գործընթացին, տեխնոլոգիաների, գիտելիքի ու մեթոդաբանությունների մշակման գործիքակազմերի ձևավորմանը, փորձարկումների իրականացմանը՝ աջակցելով այն միջավայրին, որտեղ կբարգավաճի նորարարությունը։ Երկրորդ գործոնն առնչվում է բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հատկապես պետական ոլորտում նորարարներին ընդունելու առումով։ Հենց պետական կառույցները պետք է ստեղծեն բարենպաստ միջավայր՝ հատուկ տեղ նախատեսելով նրանց համար, ովքեր նպաստում են նորարարության խթանմանը և ստեղծարար մտքի զարգացմանը։ Իսկ երրորդ գործոնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են զարգացման ծրագրերում։ Ընդ որում՝ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նույնպես ակտիվ մաս պետք է դառնան այդ ծրագրերին՝ լուսաբանելով նորարարական շարժումները»,-ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին նշեց, որ նորարարություն չի նշանակում միայն նորագույն տեխնոլոգիաներ և չի վերաբերում միայն մասնավոր ոլորտին, արտոնագրերին կամ հայտնագործություններին։ Հայ ազգն, ըստ նրա, ունի տաղանդավոր ներկայացուցիչներ, որոնց գիտահետազոտական աշխատանքի և դրանով ստացված ձեռքբերումների իրականացման ուղղությամբ կատարվում են կարևոր քայլեր։ Այսօրվա քննարկումը պակաս կարևոր չէր, քանի որ առարկան առնչվում է պետական ոլորտում ներդրվող նորարարություններին։ Առանց նորարարության արդյունավետ կառավարումը հնարավոր չէ հարափոփոխ միջավայրում, ուստի կենսական նշանակություն է ստանում ստեղծարար լինելու հանգամանքը։

Մարագոսի դիտարկմամբ՝ ԵՄ-ն ինքնին նորարարական ծրագրի իրականացում է, և եթե այն 70 տարի առաջ չմեկնարկեր, ապա բազմաթիվ ճգնաժամեր չէին հաղթահարվի։ Միասնական համայնքը ստեղծվեց՝ նորարարությունների հիմքի վրա նոր գաղափարների և պատմական փորձի շնորհիվ նոր հասարակություն կերտելու նպատակով։ Այդ զարգացումը շարունակվում է մինչ օրս, ուստի նորարարությունը, հատկապես ներկա փուլում կարևոր նշանակություն ունի՝ մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու, կանաչ և թվային վերափոխումներ ապահովելու համար։ Առանց նորարարության հնարավոր չէր լինի հասնել հիմնանպատակների իրագործմանը։ ԵՄ-ն ուսումնասիրել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը տարբեր ոլորտներում։ Համատեղ ծրագրեր են իրականացվելու մասնավորապես անվտանգության բնագավառում։ Արդեն արվել են համապատասխան հայտարարություններ բարձրաստիճան հանձնակատար Ժոզեֆ Բորելի կողմից, բանակցություններ են ընթանում վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։ Այս ամենը, Մարագոսի խոսքով, պահանջում է հուսալի և ուժեղ կառավարման կարողություն։

«Վստահաբար անհրաժեշտ է կամուրջ կառուցել պետական և մասնավոր ոլորտների միջև՝ օգտագործելով առկա գիտելիքներն ու ձեռքբերումները։ ԵՄ-ն Հայաստանի կառավարության գործընկերն է՝ երկկողմ հանձնառությունների կատարման և փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով, առավել ևս, որ Հայաստանը վերջին շրջանում անցնում է ճգնաժամային իրավիճակներով։ Ավելի քան 100 հազար փախստական է եկել, հետևաբար առկա ճգնաժամերը անհրաժեշտ է հանգուցալուծել նաև նորարարական նախաձեռնությունների միջոցով։ Այստեղ, անշուշտ, պետք է լինի պետական անխոնջ կառավարման վարչական կարողություն։ Հայաստանը ցանկանում է հաղթահարել մարտահրավերները, ուստի քաղաքական, ռազմավարական և մյուս բոլոր նախանշված ծրագրերը պետք է արդյունավետորեն կյանքի կոչվեն»,-եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպանը։  

Մանվել Մարգարյան

 

  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]