Երևանում՝ 11:07,   24 Փետրվար 2024

Հայաստանի շախմատի հավաքականի ուժը թիմային ոգին է. Շանթ Սարգսյան

Հայաստանի շախմատի հավաքականի ուժը թիմային ոգին է. Շանթ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային շախմատում հայկական շախմատի ներկայացուցիչները եղել և մնում են ամենահեղինակավորների շարքերում: Շախմատի ազգային ընտրանին սերնդափոխություն է ապրում, սակայն երիտասարդ ավյունն իր հետ բերում է նոր ձգտումներ, մեդալների անսպառ «քաղց» և ավագ սերնդի արդյունքներից հետ չմնալու անսասան մղում:

Հայաստանի շախմատի ընտրանու նորեկ Շանթ Սարգսյանը երիտասարդ ու հեռանկարային շախմատիստներից է: Նա ընտրանու կազմում առաջին մեդալը նվաճեց` դառնալով Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգսյանը խոսել է անցած ճանապարհից, շախմատի յուրահատկություններից և ազգային թիմի արդյունքներից:

-Շանթ, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել շախմատով:

-Ամեն ինչ շատ պատահական է ստացվել: Բակում տեսել եմ, թե ինչպես են մեծերը խաղում և դուրս եկել է: Հետո` մի քանի ամիս անց, սկսել եմ հաճախել շախմատի: Ընտանիքում էլ այդ ժամանակ ոչ մեկ հետաքրքրված չէր շախմատով: Միայն փոքր տարիքում եղբորս հետ էինք խաղում, հիմա էլ ոչ:

-Արդյոք եղե՞լ է մի մրցաշար, որից հետո վերջնականապես ինքներդ Ձեզ համար որոշել եք, որ ապագան կապում եք շախմատի հետ:

-Կարծում եմ` կարևոր նշանակություն է ունեցել այն, որ 8 տարեկանում Բաթումի քաղաքում կայացած  Եվրոպայի առաջնության ժամանակ գրավեցի երկրորդ հորիզոնականը: Հենց այդ մրցաշարն էլ բեկումնային եղավ հետագայի համար:

-Կա արդյոք մի շախմատիստ, ում պարտիաներն օրինակելի են եղել Ձեզ համար:

-Փոքր տարիքում շատ էի սիրում Գաբրիել Սարգսյանի խաղը: Այն ժամանակ ինձ համար երազանք էր նրա հետ մեկ թիմում հանդես գալը: Ու հիմա երազանքս իրականություն է դարձել: Իսկ համաշխարհային գրոսմայստերներից շատերի պարտիաներն եմ ուսումնասիրում, իսկ այժմ գերիշխող է Մագնուս Կարլսենը:

-Շանթ, շախմատիստը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր:

-Երկուսն էլ: Իսկ երկուսի համադրությունը տալիս է ցանկալի արդյունքը: Եթե այս երկու բաղադրիչներից մեկն էլ չլինի, չես կարողանա ինչ-որ նվաճման հասնել:

-Իսկ դուք տաղանդավո՞ր եք, թե՞ աշխատասեր:

-Երևի կես-կես (ծիծաղում է. հեղ):

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը:

-Կողքից նայելիս՝  գուցե դժվար կլինի այդ գեղեցկությունը տեսնել, հասկանալ: Իրականում շախմատը բարդ խաղ է` հաշվարկներ, կոմբինացիաներ: Մեր օրերում սկզբնախաղերն այն մակարդակի են հասնել, որ շախմատիստները գիտեն պարտիայի մեկնարկային 20 քայլերը:

-Իսկ Ձեզ համար շախմատը խա՞ղ է, արվե՞ստ, թե՞ գիտություն:

-Շախմատը արվեստ է, խաղ ու գիտություն: Երեքը միասին վերցրած: Շախմատն իր գեղեցկությամբ արվեստին է մոտ, իսկ պարտիաների ընթացքում ծավալվող պայքարով` սպորտ:

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

-Որո՞նք են Ձեր սիրելի երեք խաղաքարերը:

-Ձի, փիղ, թագուհի:

-Շախմատային պարտիաները երբեմն ձգվում են ժամերով: Ինչպե՞ս եք հաղթահարում հոգեբանական այդ պահերը:

-Շախմատում շատ կարևոր դեր է խաղում հոգեբանությունը: Հիմնականում ես ինքս եմ փորձում տրամադրվել պարտիաներից առաջ: Մեկ հիմնական խնդիր կա` քիչ լարվել պարտիայի ընթացքում:

-Շախմատիստների եմ ճանաչում, որոնք սնահավատ են: Գրում են նույն գրիչով, կրում են նույն շապիկը: Իսկ դուք սնահավա՞տ եք:

-Գիտեք, գուցե, ժամանակին ունեի նման բաներ, սակայն հիմա` ոչ:

-Ո՞վ է բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստը:

-Մագնուս Կարլսենը:

-Եվ գալով շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որտեղ Հայաստանի ընտրանին նվաճեց բրոնզե մեդալ: Ինչպիսի՞նն էր առաջնությունն ընդհանուր առմամբ:

-Եվրոպայի այս առաջնությունն իսկապես ուժեղ կազմ էր հավաքել, քանի որ ռուս շախմատիստները սկսել են հանդես գալ եվրոպական հավաքականներում: Մասնակից երկրների թիմերն էլ ուժեղ կազմերով էին ներկայացել մրցաշարին: Մեզ մեծ բարդությամբ էր տրվում ամեն մի հաղթած մրցախաղ:

-Մրցախաղի վերջին տուրում հենց Ձեր պարտիան որոշիչ եղավ ամբողջ առաջնության համար: Ձեզ հաղթանակը Հայաստանի հավաքականին տվեց բրոնզե մեդալ: Ինչպե՞ս կամ ե՞րբ հասկացաք, որ պարտիան հաղթական է Ձեզ համար, քանի որ մրցակիցն էլ թույլ թիմ չէր` Անգլիան էր:

-Եթե անկեղծ՝ երբ խաղում էինք սևերով, փորձում էինք հավասար դիրք ստանալ: Այդ իսկ պատճառով սկզբում նույնիսկ չէի էլ մտածում հաղթանակի մասին: Սակայն սկզբնախաղից հետո հասկացել էի, որ լավ դիրք եմ ստացել և հնարավորություն կա հաղթելու:

-Շանթ, որպես մարդ, որը հավաքականը ներսից տեսավ այս մրցաշարում՝ ինչպիսի՞նն է Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը և ո՞րն է նրա ուժը:

-Հայաստանի շախմատի հավաքականի ուժը թիմային ոգին է: Անկախ սերունդների տարբերությունից` ընտրանու ուժը թիմային ոգին է: Լիահույս եմ, որ միշտ պահպանելու ենք այդ դրական կողմը և առաջ ենք գնալու:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]