Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ՄԻՊ-ին առընթեր խորհուրդը կամուրջ կհանդիսանա պետության ու ազգային փոքրամասնությունների միջև

ՄԻՊ-ին առընթեր խորհուրդը կամուրջ կհանդիսանա պետության ու ազգային փոքրամասնությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը պետության ու ազգային փոքրամասնությունների միջև կամուրջ է հանդիսանալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Խորհրդի առաջին նիստի շրջանակներում։

«Հայաստանը այն երկրներից չէ, որտեղ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ծայրահեղ խտրականություն է կիրառվում, բայց միևնույն ժամանակ այն երկրներից է, որտեղ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել իրավունքները խթանելու ուղղությամբ: Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ ազգային փոքրամասնությունները կկարողանան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները և այս տեսանկյունից բնականաբար շատ կարևոր  դերակատարություն պետք է ունենան պետությունը և համայնքը: Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր այս խորհուրդը կարող է շատ լավ հարթակ դառնալ այդ խնդիրները ոչ միայն բարձրաձայնելու, այլ նաև լուծելու, պետության ու ազգային փոքրամասնությունների միջև կամուրջ հանդիսանալու համար»,- ասաց Մանասյանը:

Մանասյանն ընդգծեց՝ մի շարք խնդիրներ են առկա, որոնց առնչությամբ գուցե անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական դաշտի փոփոխություններ, այլ նաև կարևոր է ընդհանուր  համակարգը որոշակի առումով բարեփոխել:

«Խոսվեց ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդման հիմնախնդրի վերաբերյալ, որը միանշանակ շատ կարևոր խնդիր է նրանց լեզուների պահպանության տեսանկյունից: Այս առումով կարևոր է ուսուցիչների, դասավանդողների պատրաստումը՝ այդ թվում բարձրագույն կրթության համակարգում, դրանից հետո վերապատրաստումները: Քննարկման առարկա կարող է դառնալ նաև կրոնի ազատության իրավունքը, դավանանքի տարբեր օբյեկտների հետ կապված հարցերը և այլն»,- նշեց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդում ներկայացված են եզդիական, քրդական, ասորական, ռուսական, հրեական, հունական, վրացական, լեհական, գերմանական, ուկրաինական, բելառուսական համայնքների ներկայացուցիչներ:

«Ունենք նաև ուդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք թեև չեն հանդիսանում Հայաստանում ազգային փոքրամասնություն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք բնակվում են Հայաստանում և ունեն որոշակի խնդիրներ, ես կարևոր համարեցի, որ նրանք ևս ներկայցված լինեն մեր խորհրդում»,- նշեց Մանասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որ խորհուրդը լինի ոչ թե պարզապես հռչակագրային փաստաթղթի վրա, այլ լինի փաստացի գործող մարմին, ոչ միայն նիստերի հրավիրման տեսանկյունից, այլ նաև ընթացիկ աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից: Նա վստահեցրեց՝ պատրաստվում է շատ ակտիվ լինել այդ բնագավառում, հասցեավորել այն խնդիրները, որոնք առկա են և փոքրամասնությունների համայնքների միջոցով գտնել դրանց լուծումներ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]