Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էպոսածին գաղթականներին գրականության ճանապարհով Էրգիր վերադարձրած գրողը․հրատարակվել է Մուշեղ Գալշոյանի գործերի ժողովածուն

Էպոսածին գաղթականներին գրականության ճանապարհով Էրգիր վերադարձրած 
գրողը․հրատարակվել է Մուշեղ Գալշոյանի գործերի ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել հայ դասական արձակի երևելիներից Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունների ժողովածուն` «Ձորի Միրոն» վերնագրով՝ նվիրված  հեղինակի 90-ամյակին։

2023.11.29_18.53.00.36.jpg (505 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեք բաժիններից կազմված  ժողովածուում ընդգրկվել են  հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը և «Ագռավաքար» էսսեների ու  ակնարկների շարքը։

«Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում կայացավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրողի ընտանիքի անդամներ, գրչընկերներ, բարեկամներ ու ընթերցասեր հասարակություն։ Երեկոն վարում էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Դավիթ Սամվելյանը, ով կազմել և հրատարակության է պատրաստել գիրքը:

Samvelyan.jpg (662 KB)

«Անցած տարի մենք սկսեցինք մի շարք, որն իրականում անուն չունի, բայց այնպես ստացվեց, որ այդ շարքում ներկայացվող գրքերը նույն թեմային էին անդրադառնում։ Հրատարակեցինք Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ռաֆֆու «Խենթը», բայց ինչ-որ բան պակասում էր և վստահաբար, առանց երկմտանքի, բոլորս հանգեցինք այն մտքին, որ հենց Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններն են պակասում այդ շարքից։ Անկեղծ ասած, չգիտեմ` այդ շարքն այսուհետև ինչպես կշարունակվի, բայց ինձ համար այն արդեն ամփոփվել է, որովհետև սա թեմա է, որի շուրջ շատ են գրվել վեպեր, պատմվածքներ, սակայն բոլորը չեն այնքան դիպուկ, թիրախային, ինչպես Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունները»,- իր խոսքում ներկայացնելով մտահղացման  նախապատմությունն՝ ասաց Դավիթ Սամվելյանը: Նա հավելեց, որ գրքի վրա աշխատանքը տևել է մոտ մեկ տարի, որի ընթացքում դետալային մեծ աշխատանք է իրականացվել։ Ներկայացված ստեղծագործությունների ընտրությունը ևս պատահական չէ, քանի որ դրանց ասելիքն արդիական ու բովանդակային է ցայսօր։

Հեղինակի դուստր, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Գալշոյանը հուշեր է պատմել  հոր կենսագրության ուշագրավ դրվագներից։

Siranush.jpg (668 KB)

«Անկեղծ ասած՝ երկար որոշեցինք՝ ինչպես նշել Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակը, քանի որ բարդ ժամանակներ ենք ապրում. արդեն մի փոքր ավելորդ էին և ուրախությունը, և տոնակատարությունը, և այն ամենն, ինչը շատ հաճախ հարիր է հոբելյանին։ Եղբորս հետ մտածեցինք, թե ինչ կաներ մեր հայրը, եթե ներկա լիներ մեր ժամանակներում՝ լինելով բացարձակ ոչ կենցաղային մարդ։ Հասկացանք, որ գրքի լույս ընծայումը կարող էր իրեն այս կամ այն չափով  հոգեհարազատ լինել»,-պատմեց գրողի դուստրը։

Գալշոյանի գրչընկեր Ռոլանդ Շառոյանի դիտարկմամբ՝ նրա հերոսներն ամեն վայրկյան «կյանքի ժամանակի գետի մեջ հոսելով»՝ թրծվում են կավագործի նոր հունցած թոնրի նման՝ մաքրվելով, զորեղանալով, արդարամիտ դառնալով: Ու հենց այն պահին, երբ թվում է, թե ժամանակի իրականությունը կճզմի մարդկային անհանգիստ հոգին, Մուշեղ Գալշոյանի բառերով թրծված գրական կերպարները պատումի մեջ վերածվում են էպոսային կերպարների՝ պարզ, շիտակ ուժեղ և առաքինի։

Roland Sharoyan.jpg (664 KB)

«Կորուսյալ  հայրենիք, ըմբոստ ոգի, խորհրդային կյանք, ոճավորված լեզու, հերոսածին կերպարներ. ահա այն բանալին, որոնք նախշազարդ գորգագործի պես գործում, գրում է արձակագիր, հրապարակագիր, կինոսցենարիստ Մուշեղ Գալշոյանը, ում գրականության ներսն ու դուրսը կարող ես տեսնել իր կողմից բացված արևմտյան և արևելյան աշխարհները ցուցանող լուսամուտներից»,- նշեց Շառոյանը՝ հավելելով, որ նա քարայրներից ու անձավներից, Արևելյան Հայաստանի «քար ու քռաների» մեջ հանգրվանած Սասուն- Տարոն աշխարհը ներկայացնող գյուղերից ժողովեց էպոսածին, բանտված գաղթականներին և գրականության ճանապարհով վերադարձրեց Հայոց Արևմտյան աշխարհ։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Գալշոյանի գրականությունը հողը դարձնում է հայրենիք։

2023.11.29_18.57.42.11.jpg (921 KB)

«Հողը հայրենիք է դարձնում գաղափարախոսությունը, մտածողությունը, մարդը, գրականությունը: Մուշեղ Գալշոյանի գրականությունը կարող ենք ասել՝ առաջին հերթին հայրենիքաստեղծ, պետականաստեղծ գրականություն է։ Կարծում եմ, որ այս գրականությունը  այժմեական էր և ստեղծվելու պահին,  և  ավելի այժմեական է այսօր»,-համոզմունք հայտնեց բանախոսը։

Երևանի քաղաքապետի խորհրդական, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը ողջունել է Գալշոյանի ստեղծագործությունների նորովի հրատարակումը, որոնք գրողի լավագույն և արդիականությունը չկորցրած  դասերն են ամփոփում։

2023.11.29_19.56.37.64 (1).jpg (773 KB)

Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նաև Մուշեղ Գալշոյանի դստեր մակագրությամբ ձեռքբերել նորահրատարակ «Ձորի Միրոն» գրքի օրինակներից։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]