Միջազգային

Եմենի ափերի մոտ գրավված առևտրային նավն ազատ է արձակվել ԱՄՆ-ի միջամտությունից հետո

2 րոպեի ընթերցում

Եմենի ափերի մոտ գրավված առևտրային նավն ազատ է արձակվել ԱՄՆ-ի միջամտությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ռազմանավը ահազանգ է ստացել առևտրային լցանավից, որը հայտնել է Ադենի ծոցում զինված անձանց կողմից գրավվելու մասին։ Ամերիկյան ռազմածովային ուժերի «Մեյսոն» էսկադրային ականակիրը, դաշնակիցների ուժերի օգնությամբ, միջամտել է․ լցանավն ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Central Park նավը տանում էր ֆոսֆորական թթու, և գրավվել էր 5 զինված անձանց կողմից։ Ամերիկյան էսկադրային ականակրի անձնակազմը պահանջել էր ազատ արձակել առևտրային նավը։ Հինգ զինյալները փորձել էին փախուստի դիմել, սակայն ամերիկյան ռազմանավը հետապնդել էր նրանց, և նրանք, ի վերջո, հանձնվել էին։

Ըստ ԱՄՆ զինվորականների հայտարարության՝ Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող հատվածներից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել «Մեյսոն» ռազմանավի և լցանավի ուղղությամբ, սակայն դրանք ընկել են նավերից հեռու։

Լցանավի անձնակազմը, բաղկացած ռուս, վիետնամցի, բուլղարացի, հնդիկ, վրացի և ֆիլիպինցի 22 անդամներից, չի տուժել։

Եմենի հութի ապստամբները Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում արդեն մի քանի անգամ գրավել են Իսրայելի հետ կապված նավեր։ Անցյալ շաբաթ Կարմիր ծովում գրավվել էր Իսրայելի հետ կապված բեռնանավ։ Հութիները հայտարարել են, որ ավելի շատ իսրայելական նավեր կթիրախավորեն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը Իսրայել ներխուժման ընթացքում սպանել էր 1200 մարդու, գերեվարել՝ 240-ին։ Այդ հարձակումից հետո Իսրայելը սկսել էր Գազայի հատվածի գնդակոծությունները, այնուհետև՝ ցամաքային ներխուժումը։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 14 800-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում