Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում կալանավորել են Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիան հետաքննող լրագրողներին

Ադրբեջանում կալանավորել են Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիան 
հետաքննող լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են AbzasMedia հետաքննական հրատարակության խմբագրությունը և կալանավորել դրա երկու ղեկավարներին։ Այս լրատվամիջոցը գրում էր պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին գնացել է հրատարակություն։ Նրա աչքի տակ կապտուկ է եղել, և նա հայտնել է, որ նույն առավոտյան ոստիկանները բռնել են իրեն և ծեծի ենթարկել։

Լրատվամիջոցի գրասենյակում խուզարկություն է անցկացվել․ ոստիկանները հայտնել են, որ գտել են 40 հազար եվրո։

Նոյեմբերի 21-ի առավոտյան խուզարկություն է անցկացվել նաև AbzasMedia-ի խմբագիր Սևինչ Վագիֆգըզըի տանը։ Վագիֆգըզըին նոյեմբերի 21-ի գիշերը ձերբակալել էին օդանավակայանում, երբ նա վերադարձել էր Ադրբեջան։

Իշխանությունները Հասանլիին և Վագիֆգըզըին մեղադրել են փողերի մաքսանենգության համար։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Լրագրողներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ AbzasMedia-ն կարծում է, որ հրատարակության ղեկավարների ձերբակալության իրական պատճառը նրանց կողմից անցկացվող կոռուպցիոն հետաքննություններն են։ Նման կարծիքի են նաև Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք պահանջում են ազատ արձակել լրագրողներին։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նույնպես մտահոգություն է հայտնել լրագրող Ուլվի Հասանլիի ձերբակալության և «նրա նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական բռնության» առնչությամբ։

AbzasMedia-ն Ադրբեջանում հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի իր հետաքննություններով։ Նրա լրագրողները, օրինակ, պարզել են, որ Զանգիլանի շրջանում տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցման հետևում կանգնած է մի ընկերություն, որը պատկանում է նախագահի օգնականի եղբորը։

Սևինչ Վագիֆգըզըն բազմաթիվ հետաքննությունների հեղինակ է։ Մի քանի տարի առաջ նրան, ինչպես նաև նրա մի քանի այլ գործընկերների, արգելել էին լքել երկիրը։

BBC-ն նշում է, որ Ադրբեջանում ընդունված գործելակերպ է, երբ տարբեր պատրվակներով լրագրողներին արգելում են ճանապարհորդել։

Բազմաթիվ լրագրողներ էլ ձերբակալված են։ Հոկտեմբերի տվյալներով՝ քաղբանտարկյալների ցուցակը, որը հրապարակել են տեղի իրավապաշտպանները, ներառում է ավելի քան 200 անուն։ Ընդամենը մի քանի ամսում այդ թիվը կրկնապատկվել է։

2022 թվականին Transparency International-ի կոռուպցիայի ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 157-րդ տեղը՝ Հոնդուրասի, Իրաքի, Մյանմայի և Զիմբաբվեի հետ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում գրում է, որ երկրում ԶԼՄ-ները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ։

Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները, սակայն երկրում շատերը նշում են, որ Իլհամ Ալիևի իշխանության 20 տարիների ընթացքում ԶԼՄ-ների վիճակը վատթարացել է։

Հոդվածում նշվում է, որ եթե ​​դիտարկենք Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցների վերնագրերը, ապա թվում է, թե Ադրբեջանում գրեթե չկան այլ թեմաներ, բացի Ալիևից և Լեռնային Ղարաբաղից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]