Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիրներ: 3 ձևով անցկացված մրցումներում մեր մարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են 15-րդ տեղը՝ ներկայացուցիչներ ունենալով միայն պատանիների պայքարում: Աշխարհի առաջնությանը, ընդհանուր առմամբ, 37 երկրի պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ են մասնակցել:

Ընդ որում՝ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել ISKA-ի աշխարհի առաջնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել պատանի մարզիկներին գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ:

«Այս տարիքից դնում եք ձեր ապագայի հիմքն ու քայլեր եք կատարում՝ ուժեղ մարդ դառնալու ճանապարհին: Առողջ ապրելակերպի ու ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից շատ կարևոր փորձառություն եք ունենում: Վստահ եմ՝ այս ամենը կնպաստի ոչ միայն լավ մարզիկ, այլև հայրենիքի համար արժանի քաղաքացի դառնալուն»,- ասել է Կարեն Գիլոյանը` բարձր գնահատելով նաև ֆեդերացիայի ղեկավարության գործունեությունը`  ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման:

Ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի գնահատմամբ՝ աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները բավականին տպավորիչ են.

«Մասնակցել ենք շատ փոքր թիմով: Հատկապես եվրոպական երկրները 200-ից ավելի մարզիկներ ունեին: ISKA-ի մրցումները բավականին լուրջ են: Մեր մարզիկներից երկուսը նվաճել են ոսկե, երկուսը՝ արծաթե մեդալներ, իսկ մյուսները՝ բրոնզե մեդալներ»:

Հայ մարզիկները հունվարի վերջին ԱՄՆ-ում միջազգային մրցաշարի կմասնակցեն, իսկ 2024 թվականի հունիսի վերջին՝ աշխարհի առաջնության:

Հայկ Վարդանյանի խոսքով՝ սպորտային կարատեին մեծ ուշադրություն են դարձնում: Մասնավորապես՝ այս պահին Երևանում գործում է մարզաձևի ավելի քան 85, իսկ ՀՀ տարբեր մարզերում՝ ավելի քան 60 դպրոց: Մարզադպրոցներում ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]