Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը տարածաշրջան այցի ընթացքում կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը տարածաշրջան այցի ընթացքում կընդգծի 
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին նոյեմբերի 20-ին մեկնարկում է իր այցը Հայաստան և Հարավային Կովկասի մյուս երկրներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։

Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։

«Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։

Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.

«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։

Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:

Բրիտանական դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։

Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:

«Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- եզրափակվում է հաղորդագրությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]