Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական  ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում ընթացող աշնանային նստաշրջանի «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին և անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում։ Այն վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը:

«ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, և այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է դառնա երկկողմանի կարևոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության և անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաև նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում:

ՀՀ  կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ  պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել և գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի  դեմ:

Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Խաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու և անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաև հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության և վերակառուցման ջանքերի հիմքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին՝ կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարության, պետական ինստիտուտների համար, մարդկության զարգացման ճանապարհին: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում, այլև այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան  լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են  կոռուպցիայի հետևանքով:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու և մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաև միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:
 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]