Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ. Էլմիրա Կարապետյան

Հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ. Էլմիրա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային կյանքի դժվարությունները, բարդություններն են, որ բացահայտում են մարզիկների իսկական էությունը: Այն, ինչը մեզ համար պարզապես երազանքի ճանապարհն է, իրականում մարզիկների կամքի բացահայտման ուղին է, որով նրանք ձգտում են մնալ պատմության սպորտային էջերում:

Հայկական հրաձգության մեծ ներուժ ունեցող մարզիկներից մեկը Էլմիրա Կարապետյանն է, ով այս տարի դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե,  Եվրոպական խաղերի  արծաթե մեդալակիր: Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական թիմի առաջին անդամը մեդալի հիմնական հավակնորդներից է 33-րդ խաղերում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց նախորդ բացառիկ նվաճումների, հաջողության իր բանաձևի և մինչև Փարիզ սպասվող իրադարձությունների մասին:

8D1A2879.jpg (442 KB)

-Վերջին շրջանում Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ով շարունակաբար կայուն արդյունք է ցույց տալիս: Արդյոք եղե՞լ է մեկ բեկումնային պահ, որն, ըստ Ձեզ, հստակեցրեց  Ձեզ համար, որ, այո, հրաձգությունն է նպատակներն իրագործելու միջոցը:

-Ի սկզբանե, շատերն էին կարծում, որ իմ՝ հրաձգությամբ զբաղվելը լուրջ չէ, քանի որ ստանդարտներին համապատասխան մարզումներ չեմ անցկացնում: Ունեմ իմ ուրույն ոճը:

-Իսկ ո՞րն է դա:

- Ունեմ իմ դիսցիպլինան, բայց ինքս եմ որոշում, ինչը երբ անել: Դժվար է ինձ մտցնել այդ շրջանակների մեջ և ասել՝ մարզվի՛ր այսպես: Երբ նոր-նոր էի սկսում, ասում էին, որ մարզումների համար ճիշտն այս կամ այն ոճն է, ես հակառակվում էի՝ պնդելով, որ պետք է փորձեմ բոլոր տարբերակները: Գուցե, տարօրինակ հնչի, բայց 19 տարեկանից եմ սկսել զբաղվել հրաձգությամբ:

8D1A2683.jpg (379 KB)

-Տարօրինակ ու հակաօրինաչափ է այս ամենը: Դիսցիպլինան որոշում եք դուք, մարզվում եք 19 տարեկանից: Այդ դեպքում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Կատաստրոֆիկ նպատակասլացությունը: Ու ինձ հետաքրքիր է այն, ինչը գնել չես կարող: Կարող եմ այլ մասնագիտությամբ գումար վաստակել և գնել ցանկացած բան, սակայն մեդալը գնել չես կարող: Ինձ գրավում է այն, որ մարզիկների հետ ներքին պայքարն այլ վայրում չես կարող գտնել: Հրաձգությունը պայքար է միայն քո ու քո միջև:

-Էլմիրա, անցնող տարին իսկապես բացառիկ էր Ձեզ համար գրանցած հաջողությունների առումով: Ի՞նչն է փոխվել այս տարում:

-Դեռևս նախորդ տարի պետք է այս փոփոխությունը լիներ, երբ ընդամենը մեկ միավորի պատճառով դուրս չեկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ինձ շատ ոգևորեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, քանի որ աշխարհի առաջնությունում գրանցածս արդյունքը ինձ համար անսպասելի էր: Այնտեղ գրանցած միավորն ինձ համար անձնական ռեկորդ էր, և ամեն ինչ առավել հեշտ է դառնում, երբ մեկ անգամ այդքան միավոր ես հավաքած լինում: Այս տարի բոլոր այն մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, մեդալ եմ նվաճել:

8D1A2701.jpg (408 KB)

-Կարելի՞ է ասել, որ փորձը՝ որպես այդպիսին, Ձեզ ձևավորվել է որպես մարզիկ:

-Կարծում եմ՝ նախորդ 10 տարիներն են ինձ ձևավորել որպես մարզիկ:

-Ի՞նչն է փոխվել նախորդ տարում, որ այդպիսի մեծ արդյունքներ եք գրանցում:

-Երբ հղի էի, բոլորը կարծում էին, որ լավ արդյունքները դրա հետ են կապված: Բայց մեզ մոտ մի քանիսը հղիացան և հասկացան, որ հղիությունը խանգարող հանգամանք է: Մոտ 4 ամիս դադարի մեջ էի` հղիության վերջին 2 ամիսները և բալիկիս ծնվելուն հաջորդող 2 ամիսները: Մոտ մեկ ամիս էր, որ նորից մարզվում էի, երբ մասնակցեցի աշխարհի առաջնությանը: Ճիշտ ժամանակի դադարն առավել լավ մարզում է:  

-Եվ տարվա լավագույն ձեռքբերումը, գուցե, աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելն էր: Ինչպե՞ս եք հիմա  վերհիշում այդ  բացառիկ նվաճումը:

- Ի սկզբանե ես պարզապես ցանկանում էի տեսնել Ռիոն (ծիծաղում է. հեղ.): Մարզիչներիս էլ խնդրում էի, որ ինձ ուղարկեին հենց այդ մրցմանը:  Հրաձգությունում կա մի նուրբ պահ, երբ մտնում ես եզրափակիչ, դա բացարձակ այլ զգացողություն է: Ամենադժվար «կրակ»-ը առաջին տեղի համար պայքարը չէ, այլ 3-րդ և 4-րդ տեղի համար մրցապայքարը, երբ մրցում ես մեդալ ունենալու կամ չունենալու համար: Ես էլ մրցում էի ոչ թե առաջին տեղի համար, այլ պարզապես մեդալի համար: Հենց այն պահին, երբ հասկացա, որ մեդալը կա, նոր զգացի, որ նաև ոսկուն կարող եմ տիրանալ: Ես հաճույք եմ ստանում կրակածս ամեն մի փամփուշտից:

8D1A2829.jpg (473 KB)

-Կրակելիս խոսո՞ւմ եք ինքներդ Ձեզ հետ:

-Այո, անշուշտ: Բայց ինձ առավել շատ խանգարում է այն, երբ մրցումների ժամանակ լսում եմ հայերեն խոսք:

-Եվ գալով ամենակարևորին` Օլիմպիական խաղերին: Սրանք Ձեր երկրորդ Խաղերն են լինելու: Ինչո՞վ պիտի տարբերվեն նախորդից և ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրված:

-Եթե անկեղծ՝ առաջին Խաղերի ժամանակ այն հուզմունք ասվածը չկար: Խաղերից երկու ամիս առաջ միայն ստացա Օլիմպիական խաղերի քվոտան և միայն վերջին պահին «նստեցի օլիմպիական գնացքը»: Հիմա ես շատ ավելի դանդաղ ու ավելի մանրակրկիտ եմ պատրաստվում Օլիմպիական խաղերին:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

-Ձեր մտքում օլիմպիական մեդալ ունե՞ք:

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին (ծիծաղում է. հեղ.):

-Ո՞րն է հրաձգության գեղեցկությունը:

-Հանգստությունը:  

-Եվ մինչ Օլիմպիական խաղերը ի՞նչ պլաններ ունեք, ի՞նչ է Ձեզ սպասվում:

-Գրեթե ամեն ամիս մրցումներ ունենք: Տարբեր մրցումներ են` Գրան Պրիներ, գավաթներ և այլ մրցաշարեր:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am