Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան

Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» 
ծրագրի ծավալները․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երկու երկրների միջև առկա է գազի գիծ և մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Դա երկու երկրների հարաբերություններում մեծ և ռազմավարական քայլ էր: Այդ պայմանագրի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նույնիսկ քառապատկել այն: Շատ լավ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում ավարտին կհասցվի»,- ասել է նա։

Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի:

«Կա նաև Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նույնպես ռազմավարական կարևորության է և ամենամեծ նախագիծն է, որը կնքվել է Հայաստանի կառավարության և իրանական ընկերությունների միջև: Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերություններին, որ գան Հայաստան և օգտվեն Հայաստանում աշխատանքի լավ հնարավորություններից, այստեղ արտադրեն և արտահանեն ուրիշ երկրներ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր առևտրային և տնտեսական կապերը զարգացման լավ դինամիկա ունեն և մենք վճռականորեն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է Սոբհանին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am