Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լույս է տեսել «1918-1921 թթ. իրողությունները շիրակցիների բանավոր հիշողությունների մեջ»  նյութերի ժողովածուն

Լույս է տեսել «1918-1921 թթ. իրողությունները շիրակցիների բանավոր հիշողությունների մեջ»  նյութերի ժողովածուն

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Կարինե Բազեյանի «1918-1921 թթ. իրողությունները շիրակցիների բանավոր հիշողությունների մեջ» նյութերի ժողովածուն։ Ինչպես տեղեկացնում է -ը, ժողովածուն ընդգրկում է Ալեքսանդրապոլ գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական  ու մշակութային հետևանքերի մասին Շիրակի մարզի  ավելի քան 40 բնակավայրերի  շուրջ  60 բանասացներից  հավաքված հիշողություններն ու բանավոր պատմությունները, որոնք համադրվել են մասնագիտական գրականության արխիվային նյութերի հետ։ Վերոհիշյալ նյութերի հիման վրա կազմվել է նաև թուրքական արշավանքների հետևանքները ներկայացնող եզակի քարտեզ։

Եթե Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության մասին կան բազմաթիվ արխիվային նյութեր ու հիշողություններ, նույնը չի կարելի ասել Արևելյան Հայաստանում  տեղի ունեցած դեպքերի մասին։ Հենց սա է հիմք հանդիսացել, որ  պ․գ․թ․ Կարինե Բազեյանը ձեռնարկեր 1918-1921 թթ  իրողությունների  ականատեսների ու նրանց սերունդների վկայությունների հավաքումը։ «Սա բացառիկ աշխատանք է, քանի որ գրքում ներկայացված մարդկանց մեծ մասը չկա, և նրանց սերունդներն են պատմում այդ դեպքերի մասին, և եթե չլիներ տիկին Բազեյանի այս աշխատանքը, այս հուշագրությունները կկորչեին, իսկ սրանք բացառիկ կարևորություն են ներկայացնում»,- գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պ.գ.թ. դոցենտ Արմեն Հայրապետյանը։

395135727_645601481080599_3819996371760225722_n.jpg (464 KB)

«Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության մասին արխիվային նյութեր պարբերաբար հավաքվել են 1965 թվականից հետո Խորհրդային Հայաստանում, իսկ սփյուռքում ավելի վաղ՝ որպես կենդանի վկայություններ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների։ Ինչ վերաբերում է Արևելյան Հայաստանում իրողություններին՝ ոչ միայն կենդանի նյութ չի հավաքվել, այլև այդ թեման խորհրդային տարիներին փակ է եղել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թուրքիայի հետ բարեկամական պայմանգիր է եղել, և չէր կարելի Խորհրդային Միությունում թուրքերի դեմ ինչ-որ բան անել, և ընդամենը հետխորհրդային շրջանում է, որ մենք հնարավորություն ունեցանք դա իրականացնել։ Շիրակը, երկու անգամ՝ 1918 և 1920 թթ., անցել է  թուրքական շարունակական ցեղասպանական քաղաքականություններով, և դա է պատճառը, որ որոշեցինք այս ուսումնասիրությունները Շիրակում անել»,-ն շում է Կարինե Բազեյանը՝ անկեղծանալով՝ իրականում նյութերը շատ ավելին են, քան կարող էր ներկայացվել մեկ գրքում։ «Համոզված եմ, որ էլի այդ հիշողությունների կրողներ կան, որոնք հիմա էլ կարող են նոր նյութեր տալ։ Հուսով եմ, այս աշխատանքը հետո էլ կիրականացվի, և հատկապես մեր գյուղական համայնքներում աշխատող պատմության ուսուցիչները այդ նյութերը կհավաքեն»,- հավելեց հեղինակը։

Ժողովածուի հիմքում ոչ միայն պատմական նյութերն են, այլ նաև վերլուծությունը, ինչն խոսում է այն մասին, որ այն նույն ցեղասպանական քաղաքականությունը, որ թուրքական իշխանություններն իրականացրել են Արևմտյան Հայաստանում, կրկնել են նաև Արևելյան Հայաստանում։

Ականատեսներն իրենց հիշողություններն այնպես են երբեմն փոխանցել իրենց սերունդներին, որ ոչ միայն նրանց երեխաներն, այլ նաև թոռներն են շատ մանրամասն ներկայացրել այդ դեպքերը։ Իսկ դրանք քիչ չեն հատկապես գյուղերում։ «Երբեմն ես զարմանում էի այդ հիշողություններից տպավորվածության վրա․  Բայթար գյուղում (ներկա Հովտուն) կար մի պապիկ, ով պատմում էր իր մոր պատմություններից՝ այդ վայրագությունների մասին, ու լաց էր լինում հիշելուց։ Ես կարծում եմ՝ այդ տարիներին Շիրակում չկար մի ընտանիք, որը չէր անցել այս բոլորի  միջով, պարզապես հիշողությունները միշտ չէ, որ անմիջական են պահպանվել։ Խնդիրը նաև այն է, որ շատերը գնացել են երկրից, բայց նույնիսկ այն քիչն էլ, որ կա, ես գտնում եմ, որ կարևոր սկզբնաղբյուր է  ու փաստ»,- տեղեկացնում է Կարինե Բազեյանը։

Գիրքը հրատարակվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։

Արմենուհի Մխոյան      

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]