Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Երևանում մեկնարկեց երկօրյա 
գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը, որին մասնակցում են կինոոլորտն ուսումնասիրող մասնագետներ արտերկրից և Հայաստանից, իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝  իրենք մեկ հարկի տակ են համախմբել գործընկերների տարբեր երկրներից: Նրանց հետ համագործակցությունը ձեռք է բերվել վերջին տարիներին ֆիլմերի վերականգնման և տարածման գործընթացի ժամանակ:

«Գիտաժողովը շատ կարևոր է, քանի որ կբարձրացնենք հարցեր, կքննարկենք դրանք, կլսենք հետաքրքիր զեկույցներ,  նոր բաներ կլսենք ու կսովորենք,  ինչը  բոլորի համար կլինի շատ արդյունավետ: Հայկական կողմը նաև հնարավորություն կունենա ցույց տալու այն արդյունքները, որոնց հասել է այս տարիներին»,- ասաց  Միրզախանյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրերին անդրադառնալով՝ Միրզախանյանն ընդգծեց, որ կինոկենտրոնը այս տարի վերականգնել է մեծ քանակի ֆիլմեր, որոնք ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոններում:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին և 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА)»,-նշեց կինոկենտրոնի տնօրենը:

 Գիտաժողովին ներկա էր  ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ով ընթերցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում ասվում է. «Այսօր գիտաժողովի շրջանակում հավաքվել են կինոոլորտում քաղաքականությունը մշակող, կիրառող և կինոոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց միավորել  և Հայաստան է բերել հայ կինոն, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է մշակութային հանրությունը, ինչի վառ վկայություն է այն  փաստը, որ հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում: Հոբելյանական ծրագրերի շրջանակում հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոններում, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրատարակվեցին գրքեր և պատկերագրքեր հայ կինոյի պատմության և երախտավորների մասին: Խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումը եզրափակում ենք միջազգային գիտաժողովով, որը լավագույն հնարավորությունն է կրկին վերաարժևորելու մեր կինոժառանգությունը և առհասարակ խոսելու կինոոլորտի խնդիրների, ձեռքբերումների մասին և կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն տարբեր երկրները՝ կինոոլորտը զարգացնելու համար»:

Կինոգետ Անետա Երզնկյանն էլ, խոսելով հայկական կինոոլորտի ներկայիս վիճակի մասին, ուրախությամբ ընդգծեց, որ պահպանելով ավանդույթները՝ այժմ հայ կինոն ներկայանում է նորարարական լուծումներով:

«Այսօր մենք ունենք երիտասարդներ, որոնք նոր շունչ են բերել կինոաշխարհ՝  համադրելով ուղղությունները, ժանրերը, թեմաները, ստանալով բոլորովին այլ որակի կինո»,- ասաց կինոգետը:

Նա ընդգծեց, որ այսօր  երիտասարդ կինոգործիչների կողքին նաև աշխատում և գործում են Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը, որոնք, շարունակելով ավանդույթները, նոր խոսք են ասում ժամանակակից կինոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]