Երևանում՝ 11:07,   14 Ապրիլ 2024

«ԴիջիԹեք23»-ի ներդրողներին և հիմնադիրներին կապող Startup Elevator-ի շրջանակում 150 ելույթ է կայացել. քննարկվել են հիմնադիրների հիմնական սխալները

«ԴիջիԹեք23»-ի ներդրողներին և հիմնադիրներին կապող Startup Elevator-ի 
շրջանակում 150 ելույթ է կայացել. քննարկվել են հիմնադիրների հիմնական 
սխալները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստարտափների հիմնադիրները կարճ ելույթների ժամանակ չպետք է ներկայացնեն ստարտափի գաղափարը, կոնկրետ ապրանքը կամ ծառայությունը, այլ այն խնդիրը, որը լուծում է իրենց պրոդուկտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց SmartClick AI-ի և ViralMango-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն, Հայաստանում ամենակտիվ հրեշտակ ներդրող Ռեմ Դարբինյանը՝ խոսելով «ԴիջիԹեք23» տեխնոլոգիական ցուցահանդեսի  շրջանակում BANA Angels բիզնես հրեշտակների ցանցի Startup Elevator նախագծից:

GEV_5245.JPG (650 KB)

Այս տարի ցուցահանդեսում գործող Startup Elevator-ը՝ որպես նեթվորքինգ-հարթակ, միավորել էր 13 հրեշտակ ներդրողի և մի շարք ստարտափների հիմնադիրների։ «ԴիջիԹեք» Startup Elevator-ի հայեցակարգը ոգեշնչված էր վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի պրակտիկայից, որն իրենից ներկայացնում է  գաղափարի, ապրանքի կամ ծառայության ազդեցիկ ներկայացում՝ վերելակով երթևեկելու տևողության ընթացքում։ Ցուցահանդեսին ներկայացված էր իրական վերելակ, որտեղ 13 փորձառու հրեշտակ ներդրողներ՝ ըստ նախապես հաստատված հաջորդականության, ապահովում էին 15-րոպեանոց հասանելիություն միջոցառմանը և յուրաքանչյուր ստարտափ հիմնադրին հատկացնում մեկական րոպե: 

20.jpg (6.93 MB)

«Հայկական ստարտափները պատրաստ չեն elevator pitch-ի: Ստանդարտ elevator pitch-երը աշխարհում լինում են 3, 5 րոպեանոց, որի ընթացքում ստարտափները միշտ pitch deck-ով (պրեզենտացիա, որը կօգնի պոտենցիալ ներդրողներին ավելին իմանալ բիզնեսի մասին -խմբ.) են ներկայանում, որից հաճախ օգտվում են: Մեր՝ 1 րոպեանոց elevator pitch-ի պարագայում, հուշող ոչինչ չկար: Անհրաժեշտ է հստակ ու կարճ ներկայանալ այնպես, որ ուշադրություն գրավես, ներդրողը ցանկություն ունենա շարունակել շփումն ու ավելին իմանալ քո պրոդուկտի մասին: Չնայած լավ խոսելուն ու ներկայացնելուն, ցավոք, մեր ստարտափները ճիշտ տեղեկությունը չէին հայտնում: Խնդիրը հետևյալն էր. պատմում էին իրենց առաջարկած լուծման, տեխնոլոգիայի մասին, այնինչ՝ պետք է լիներ լրիվ հակառակը՝ անհրաժեշտ էր ներկայացնել, թե ինչ խնդիր են լուծում և այդ լուծումն ինչպես է տարբերվում մնացած առաջարկվող լուծումներից»,- ներկայացրեց Դարբինյանը՝ նշելով՝ հենց սա է եղել պատճառը, որ ոչ մի ստարտափ չի կարողացել իր վրա տպավորություն թողնել: 

Elevator pitch-ի առանցքային նպատակներից մեկը ուշադրություն գրավելն է: Դարբինյանի խոսքով՝ բուն ելույթների ժամանակ ոչ մի հիմնադիր չի հասցրել ուշադրություն գրավել, սակայն բուն ելույթից զատ, Դարբինյանը հասցրել է շատ հիմնադիրների հետ առանձին զրուցել, առաջարկներ անել: Նրա խոսքով՝ շատ ստարտափներ դեռ գաղափարի փուլում էին, և ուղղակի խորհուրդներով աջակցելն այդ փուլում ավելի նպատակահարմար է: 

GEV_5317.JPG (542 KB)

«Elevator pitch-ի իմաստը ինչ-որ տեղ, ինչ-որ միջոցառման ժամանակ պոտենցիալ ներդրողի հետ ծանոթանալիս նրա վրա տպավորություն թողնելն է, հետաքրքրություն առաջացնելն է: Հենց այս առումով elevator pitch-ը կարևոր դեր ունի: Այն կարող է զարգացնել հաղորդակցվելու հմտությունները: Շատ ժամանակ հիմնադիրները նույնիսկ խոսելուց են վախենում, խուսափում են հաղորդակցվելուց, ամաչում: Պետք է հասկանան ուշադրություն գրավելու կարևորությունը, որը հետո, կարող է իրենց ստարտափի զարգացման ամուր հիմք դառնալ: Եթե ստարտափի հիմնադիրը չի կարողանում իր պրոդուկտի հանդեպ ուշադրություն սևեռել՝ դժվար կարողանա լավ ստարտափ ստեղծել»,- նշեց Դարբինյանը:

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Սոնա Վեզիրյանը տեղեկացրեց՝  օգտվել են The Founder Institute-ի մշակած 60 վայրկյան տևողության ելույթի սխեմայից, ըստ որի, հիմնադիրներին անհրաժեշտ էր ներկայացնել խնդիր, լուծում, շուկա, որտեղ գործելու է ստարտափը, մեկ-երկու խոսք մրցակցային առավելություններից և ամենակարևորը՝ ակնկալիքները ներդրողից: 

GEV_5324.JPG (418 KB)

«Կարևոր էր, որ ստարտափները տեսնեին՝ ներդրողները հասանելի են իրենց: Սա բացառիկ հարթակ էր, որը նման հնարավորություն էր տալիս: Սովորաբար ստարտափները պետք է ավելի զարգացած լինեն, որ ներդրողի հետ շփման հնարավորություն ստանան, իսկ այստեղ իրենք ունեին այս բացառիկ հնարավորությունը: Ստարտափներից շատերը դեռ գաղափարի փուլում էին: Հիմնադիրներից շատերը ներդրողների հետ փոխանակվել են կոնտակտներով, ոմանք արժեքավոր խորհուրդներ են ստացել: Մենք կապի մեջ ենք ներդրողների հետ: Կան ներդրողներ, որոնք հետաքրքություն են ցուցաբերել այս կամ այն ստարտափի հանդեպ: Առաջիկայում մոնիթորինգ կիրականացնենք՝ հասկանալու ներդրումներ կլինեն, թե՝ ոչ»,- ասաց նա։

Վեզիրյանը նշեց՝ հաջորդ տարի կպահպանեն այս ֆորմատը՝ այն հղկելով: Անհրաժեշտ է հիմնադիրներին elevator pitch-ի մասին ինֆորմացիա տրամադրել, որ ստարտափները ավելի պատրաստված գան: Ըստ նրա՝ այդ պատրաստվածությունն,  այնուամենայնիվ, վաղ թե ուշ, իրական վերելակում անհրաժեշտ է լինելու:

«Հիմա մեր ստարտափային կյանքը առաջ տանելու խնդիր ունենք: Նմանատիպ ֆորմատները հնարավորություն են տալիս մարդկանց տեսնել իրենց գաղափարը կյանքի կոչելու հստակ հնարավորություններ: Հենց Հայաստանում կարող են ներդրում ստանալ, կարող են իրենց գաղափարը ներկայացնել արդեն փորձառու ներդրողների ու խորհուդ կամ աջակցություն ստանալ: Elevator pitch-ը ավելի մեծ տեսլականի մի մաս է կազմում»,- ասաց Վեզիրյանը: 

Նախագծի շրջանակում իրենց փորձն ու հմտություններն են հիմնադիրների հետ կիսել  ներդրողներ Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Թոմաս Մազեջյանը (BANA Angels), Արթուր Ալավերդյանը (STAN), Նարինե Դավթյանը (Triple S Ventures), Հրայր Շահբազյանը (BANA Angels, Munich Ventures), Անի Ասատրյանը (BANA Angels), Արթուր Միքայելյանը (AICA), Ռեմ Դարբինյանը (BANA Angels, STAN), Ալլա Պավլովան (BANA Angels), Աշոտ Արզումանյանը (SmartGate VC), Սոնա Վեզիրյան (BANA Angels, Formula VC), Գրիգոր Հովհաննիսյանը (BANA Angels, Formula VC), Կարեն Վարդանյանը (BANA Angels, Formula VC):

Կարինե Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]