Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Թումո»-ն հայտարարում է ԼՂ-ից բռնի տեղահանված պատանիների աջակցության նոր նախաձեռնության մասին

«Թումո»-ն հայտարարում է ԼՂ-ից բռնի տեղահանված պատանիների աջակցության 
նոր նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է ««Թումո»-ն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, բազմամյա և համապարփակ նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: ««Թումո»-ն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը «Թումո Հայաստան» ծրագրի մասն է, որի նպատակն է մինչև 2026 թվականը «Թումո»-ի կրթական ծրագիրը հասանելի դարձնել բոլոր հայ պատանիների համար:

«Վերջին 12 տարիների ընթացքում «Թումո»-ն աշխատել է տասնյակ հազարավոր պատանիների, այդ թվում՝ հազարավոր արցախցիների հետ՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի և Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում գործող «Թումո տուփ»-երի միջոցով: Այժմ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ «Թումո»-ն հանձն է առնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված պատանիների կարիքների գնահատումը, ինչպես նաև պետական և միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից նրանց տրամադրվող ծառայությունների համակարգումն ու մոնիթորինգը: Նախաձեռնության իրականացման համար ստեղծված հատուկ աշխատանքային խումբը սերտորեն կհամագործակցի տվյալների հավաքագրման, սոցիալական աշխատանքի և ծառայությունների մատուցման գործում մասնագիտացած կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության հիմնական ուղղություններն են.

  1. Կապի պահպանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր պատանու հետ՝ այս պահից մինչև նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչև այլևս աջակցության կարիք չունենալը:
  2. «Թումո»-ի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
  3. Շարունակական մոնիթորինգ՝ գնահատելու համար պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջության, կրթության ֆինանսավորման, սարքավորումների հասանելիության, բուհական ընդունելության, կարիերայի խորհրդատվության և այլ ծառայությունների կարիքները:
  4. Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև ծառայությունների տրամադրման մոնիթորինգի իրականացում կանոնավոր ստուգումների միջոցով:
  5. Դրամահավաքների իրականացում, հավաքագրված միջոցների ուղղորդում դեպի ծառայություններ մատուցող կազմակերպություններ և համապատասխան հաշվետվությունների տրամադրում նվիրատուներին:

«Մենք բոլոր հայ պատանիներին մեր զավակներն ենք համարում», - ասում է »Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ - Մեր արցախցի պատանիներն ավելին քան երբևէ մեր աջակցության կարիքն ունեն, բայց մենք էլ նրանց կարիքն ունենք: Օգնելով մեր հայրենակից պայծառ երիտասարդներին ոտքի կանգնել և իրացնել իրենց ողջ ներուժը հանուն բարեկեցիկ և ապահով ապագայի՝ շահելու ենք բոլորս»:

«Նախաձեռնության ադմինիստրատիվ ծախսերը կփակվեն «Թումո Հայաստան» արշավի միջոցով՝ ապահովելով համակարգողների, սոցիալական ծառայությունների մասնագետների և զանգերի կենտրոնի աշխատակիցների ներգրավվածությունը ծրագրում: Թիմին միանալու հայտերն ընդունվում են tumo.org/jobs կայքում:

Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել մի շարք եղանակներով, այդ թվում՝ ներդնելով մասնագիտական հմտությունները կամ կատարելով նվիրատվություն: Նախաձեռնության հետ կապված հարցերով «Թումո»-ի հետ կարելի է կապ հաստատել  [email protected] հասցեով, իսկ նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել armenia.tumo.org/t4at կայք և նվիրատվության մեկնաբանության մեջ նշել «Արցախի պատանիների համար»:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն պատանիներին և նրանց ծնողներին, ում հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել, «Թումո»-ն խնդրում է զանգահարել +374 10 39 84 13 կամ ուղարկել նամակ [email protected] հասցեին»,- հայտնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

«Թումո»-ն նախատեսում է կառուցել 16 կենտրոններից և ավելի քան 100 տուփերից բաղկացած ցանց՝ «Թումո Հայաստան» ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր «Թումո տուփ»-ում շաբաթական մոտ 320 պատանի է սովորում՝ ինքնուսուցման փուլերն անցնելով տուփում, իսկ դասընթացների համար հաճախելով մոտակա «Թումո» կենտրոն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]