Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ատոմակայանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա, այն փակելու քայլեր Թուրքիան բազմիցս է արել. փորձագետ

Ատոմակայանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա, այն փակելու 
քայլեր Թուրքիան բազմիցս է արել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը վստահեցնում է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանդես գալ տարածաշրջանում որպես «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկիր, իսկ Մեծամորի ատոմակայանը փակելու Թուրքիայի նախաձեռնությունը բացառապես քաղաքական դաշտում է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է խարխլել Հայաստանի ազգային անվտանգության այս հենասյունը:     

Փորձագետը նման դիրքորոշում է հայտնել  «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով Թուրքիայի կողմից ՄԱԳԱՏԷ-ին դիմելու հարցին:

Փորձագետը նախ ընդգծեց՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի կոնսերվացման, արդիականացման աշխատանքներ իրականացնելու, նոր բլոկի կառուցման վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես Հայաստանի կառավարության կողմից: Միաժամանակ Թուրքիան, լինելով երկիր, որը 1997թ. միացել է ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրություններին, կարող է նման նախաձեռնություններով հանդես գալ: «Ամեն ինչ կախված է նրանից՝ ՄԱԳԱՏԷ-ն այդ դիմումը կընդունի պարզապես ի գիտությո՞ւն, թե՞ դրան ընթացք կտա»,-ասաց փորձագետը:

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ․ 1995 թվականից ի վեր, երբ վերագործարկվեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, Թուրքիան բազմիցս հանդես է եկել նման նախաձեռնություններով: Ավելի ուշ՝ 2000-ականների սկզբին, դրան միացել է նաև Բաքուն:

«Եթե այսօր Թուրքիան շեշտադրումը հիմնականում դնում է նրա վրա, թե Հայկական ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը ռիսկ է, ապա 1995 թվականից ի վեր առավելապես խոսվում էր այն մասին, թե ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում սահմանամերձ գոտում՝ թուրքական բնակավայրերում, երեխաները ծնվում են անոմալիաներով, ուռուցքային հիվանդություններն են շատ տարածված: Բայց հետազոտությունները, որոնք նաև անցկացվել են Հայաստանում, ապացուցում են, որ դրանք մերկապարանոց են: ՀԱԷԿ-ի բացասական ազդեցության վերաբերյալ որևէ գիտական հիմնավորում չկա: Այսինքն՝ այս ամենը գտնվում է քաղաքական դաշտում»,-ասաց Դավթյանը:

Փորձագետը նաև հիշեցրեց, որ տասնամյակների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս առաքելություններ է ուղարկել Հայաստան, որոնք անցկացրել են փորձաքննություններ: ԵՄ մասնագետները, «Եվրոատոմ»-ի ներկայացուցիչները սթրես-թեստեր են անցկացրել ՀԱԷԿ-ում:

«Հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքներն ընդունվել և հաստատվել են այդ կառույցների կողմից: 2021 թվականին՝ արդիականացումից հետո, ՄԱԳԱՏԷ-ն տվեց դրական եզրակացություն անվտանգության բարձր մակարդակի վերաբերյալ: Սա պետք է օգտագործենք, և սա թույլ կտա մեզ հարցը հնարավորինս ապաքաղաքական տիրույթում պահել: Հուսով եմ, որ ՄԱԳԱՏԷ-ն կհիմնվի առավելապես այս գիտական օբյեկտիվ իրողությունների վրա՝ չդրսևորելով որևէ քաղաքական մոտիվացիա»,-ասաց Դավթյանը:

Փորձագետը չի բացառում, որ թուրք-ադրբեջանական լոբբիստները ՄԱԳԱՏԷ-ում շատ խորքային աշխատանք են տանում և տանելու, Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի: Հայաստանը պետք է փորձի կառույցում իր դիրքերն ամրապնդել: Նա դրա համար նախադրյալներ տեսնում է․ սեպտեմբերին Հայաստանը ներառվել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կազմում՝ 2023-2024թթ համար: «Այսպիսով` մենք ունենք նաև որոշակի ներքին լծակներ ՄԱԳԱՏԷ-ում օբյեկտիվ իրականությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար»,-ասաց Դավթյանը:

Նա հավելեց՝ Թուրքիան իր այդ քաղաքական բնույթի հայտարարությունը փորձում է հիմնավորել նրանով, թե ՀԱԷԿ-ը հին է: Փորձագետը, սակայն, հիշեցնում է միջազգային փորձը, որը ցույց է տալիս, որ անգամ մինչև 80 տարի հնարավոր է նմանատիպ էներգաբլոկների շահագործումն ապահովել, եթե իրականացվում են համապատասխան արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքները ՀԱԷԿ-ում, բնականաբար, իրականացվել են:

«Երկրորդ խնդիրն այստեղ գեոտնետեսական է: Հայաստանն այսօր շարունակում է հանդես գալ որպես տարածաշրջանի միակ երկիր, որը զարգացնում է «խաղաղ ատոմ», ինչը շատ բարձր ռազմավարական և անվտանգային կարգավիճակ է: Եվ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական խորքային փոխակերպումները, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ ձգտելու է խարխլել նաև Հայաստանի ազգային անվտանգության այս հենասյունը»,-ասաց Դավթյանը:

Հիմա Թուրքիան ատոմակայան է կառուցում, Ադրբեջանն էլ 2019 թվականից ի վեր որոշակի բանակցություններ է սկսել արտաքին դերակատարների հետ՝ իր տարածքում առաջին ատոմակայանը կառուցելու վերաբերյալ: «Այսինքն՝ երկարաժամկետ գեոտնտեսական նպատակն այստեղ պարզ է՝ բացառել այնպիսի սցենար, որում Հայաստանը հանդես կգա որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն և նոր վերադասավորումների արդյունքում ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից»,-ասաց փորձագետը:

Նա նշեց՝ արդիականացումից հետո, որի արդյունքում 2021-ին ատոմակայանը նորից միացավ ցանցին, ատոմակայանի արդիականացման աշխատանքներն իրականացրած «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը հիմնավորել է, որ ՀԱԷԿ-ի շահագործումն օբյեկտիվորեն հնարավոր է երկարաձգել ոչ միայն մինչև 2026թ, այլ՝ 2036թ:

«2019, 2020, 2021 թվականներին իրականացված արդիականացման աշխատանքները նաև թույլ են տվել էապես բարձրացնել ատոմակայանի օգտակար գործողության գործակիցը: Թույլ են տվել ապահովել նաև ատոմակայանի էներգաարդյունավետությունը: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա: Սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվի են առնվել ատոմակայանը կառուցելու ժամանակ: Արդիականացման աշխատանքներն իրականացնելիս ևս հնարավոր սեյսմիկ ռիսկերը հաշվի են առնվել և բացառվել են բացասական սցենարները»,-ասաց Դավթյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am