Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Կիրակոսյանը

Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը 
մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Կիրակոսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,-ասել է Կիրակոսյանը։

Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, սակայն, որ այդ հարցի շուրջ լուծումներ կան։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]