Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Հայաստանը ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, մարդիկ պետք է ապրեն իրենց հայրենիքում. Փաշինյան

Հայաստանը ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, մարդիկ պետք է 
ապրեն իրենց հայրենիքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում, սակայն Հայաստանը պատրաստ է նաև ընդունել տեղահանված արցախցիներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստանը երկար ժամանակ Ադրբեջանին մեղադրում է, որ ԼՂ-ում էթնիկ զտումներ են փորձում անել: 

«Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա, որ Ադրբեջանն ասի՝ տեսեք՝ ՀՀ-ն, ԼՂ հայությունն իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա, որոշեցին ու դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Բայց մյուս կողմից, իհարկե, ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելն ու ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց վարչապետը:

Հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվել: Սակայն, վարչապետի խոսքով, այս մասին չեն ուզում ասել: «Ինչո՞ւ չենք ուզում ասել, որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց մասին նրանք հոգ են տանում: Վարչապետը վստահեցրեց՝ Հայաստանի կառավարությունն էլ հնարավոր միջոցները պատրաստ է ձեռնարկել, խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է:

Վարչապետը հայտնեց, որ նաև տեղեկություն ունեն, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան: «Նրանց ասվել է՝ եկեք, որովհետև հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ, նրանց լուանկարահանել, տեսանկարահանել են, հետո ասել են, թե Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ տեղափոխվեն իրենք: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ ու քաոս առաջացնելու համար»,-վստահեցրեց Փաշինյանը:

Ադրբեջանի հարձակման առաջին պահերից Հայաստանի փոխվարչապետը վարչապետից ստացել է հանձնարարական՝ կենտրոնացնել ռեսուրսներ՝ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու ու մարդկանց տեղավորելու համար: «Մենք այդ մասին չենք հայտարարել, քանի որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը: Չի կարելի էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով»,-շեշտեց վարչապետը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]