Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

«Երևանյան բեսթսելեր». «Շելա»-ն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Շելա»-ն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 
2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն առաջին տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Երկրորդ հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը երրորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը չորրորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Հինգերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Վեցերորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող  զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Յոթերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Ութերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Վահան Տերյանի պոեզիայի ժողովածուն իններորդն է։ Վահան Տերյանը հայ քնարերգության մեջ սկզբնավորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արվեստի հետագա զարգացմանը: Գրել է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդված, մի քանի հարյուր նամակ:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» տասներորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 Գրիգոր Քեշիշյան «Շելա» Դավինչի 70
2 -1 Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» հեղ․հրատ 67
3 -1 Գոհար Նավասարդյան «Երեք սեր» հեղ․հրատ 50
4 նոր 00-00182487.jpg (56 KB) Գրիգոր Քեշիշյան «Հանդիպում անցյալի հետ» Դավինչի 37
5 -2 «Բարի գործերի քաղաքը» Բուկինիստ 28
6 *

Տա Թևեր

«731 օր քեզ համար»

հեղ․հրատ 24
7 * Աշոտ Աղաբաբյան «Մենակը» Բուկինիստ 20
8 -1 Աշոտ Աղաբաբյան «Թակարդ» Բուկինիստ 18
9 * vvv.jpg (679 KB)

Վահան Տերյան

պոեզիայի ժողովածու

Էդիթ Պրինտ 17
10 * Աշոտ Աղաբաբյան «Գաղտնիքների տիրակալը» Բուկինիստ 17

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]