Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՔՈԱՖ-ը 20-ամյա գործունեության նոր փուլ է մտնում ՍՄԱՐԹ կենտրոնների ընդլայնման ծրագրով

ՔՈԱՖ-ը 20-ամյա գործունեության նոր փուլ է մտնում ՍՄԱՐԹ կենտրոնների 
ընդլայնման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) թևակոխում է 20-ամյա գործունեության նոր փուլ, ուր նախատեսում է ՍՄԱՐԹ կենտրոնների աշխարհագրության ընդլայնում և նոր ենթակառուցվածքների ստեղծում՝ ուղղված հիմնադրամի ծրագրերի շարունակականությունն ապահովելուն և Հայաստանում որակյալ կրթությունն ավելի մեծ թվով աշակերտների հասանելի դարձնելուն:

Լիանա Ղալթաղչյանն արդեն ութ ամիս է՝ զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը ու թիմի հետ ներդնում անհրաժեշտ ջանքերն այս նպատակին հասնելու համար:

«Արմենպրես»-ը Լիանա Ղալթաղչյանի հետ զրուցել է իր մասնագիտական ուղու, ՔՈԱՖ-ում ծավալած գործունեության, մարտահրավերների, հիմնադրամի առաքելության և առաջիկա հինգ տարիների նպատակների մասին: Անդրադարձել ենք նաև սեպտեմբերի 16-ին կայանալիք Հայաստանի խոշորագույն ձեռնարկատիրություն համարվող ՔՈԱՖ «Կոնցեպտի» բացման արարողությանն ու դրան հաջորդող ՔՈԱՖ փառատոնին:   

Տիկին Ղալթաղչյան, կխնդրեինք մի փոքր պատմել Ձեր անցած ուղու մասին՝ մինչ ՔՈԱՖ-ին միանալը։ Ի՞նչն ամենից շատ մոտիվացրեց Ձեզ միանալ ՔՈԱՖ-ի թիմին

Իրավաբան դառնալն իմ նվիրական երազանքն է եղել. դեռ մանկուց եմ զգացել արդարությունը վերականգնելու և հավասարություն ստեղծելու պահանջը (ժպտում է)։ Արդեն ութերորդ դասարանում մասնագիտության ընտրության հարցում հստակ դիրքորոշում ունեի: Օրենքներ ու կարգավորումներ մշակելու հանձնառությամբ էլ երկար տարիներ աշխատել եմ ՀՀ արդարադատության նախարարությունում, որտեղ թիմով բազում մարտահրավերների միջով ենք անցել, բայց և պատվով հաղթահարել դրանք։

Այնուամենայնիվ, իմ կյանքում եկավ մի փուլ, երբ հասկացա, որ որքան էլ պետական համակարգում աշխատանքն ինձ հոգեհարազատ է, այն իր սահմանափակումներն ունի, իսկ ես արդեն ցանկություն ունեի գործունեությունս շարունակել հասարակական ոլորտում, և առաջին փորձառությունս «Թրանսփերնսի ինթերնեշնլ»-ն էր: Այստեղ չորս տարիների ընթացքում մեծապես առնչվել եմ առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներին, այնուհետև հենց այդ ոլորտները համակարգելու նպատակով առաջարկ ստացել՝ զբաղեցնելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեկ տարի աշխատել եմ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի բարեվարքության ծրագրում, իսկ ՔՈԱՖ-ի թիմին միանալն իմ ծավալած գործունեության տրամաբանական շարունակությունն էր։ 

20 տարի առաջ հիմնադրվեց ՔՈԱՖ-ը։ Որո՞նք են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։

Այո, ՔՈԱՖ-ն իր ծրագրերը մեկնարկել է 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում և այս ընթացքում ներդրումներ է կատարել 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար: Բազմաթիվ ծրագրերի միջոցով հիմնադրամը հնարավորություն է տալիս գյուղերի երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին առավելագույնս բացահայտելու և իրագործելու սեփական կարողությունները։ Մեր նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա:  ՔՈԱՖ-ի կողմից իրագործվող զարգացման ծրագրերն ընդգրկում են թիրախային հետևյալ ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայություններ և տնտեսական զարգացում։ Մենք մեր գործունեությամբ մեր երկրում սերմանում ենք ոչ ֆորմալ և երբեմն ֆորմալ կրթության նոր քաղաքականություն, տարբեր ծրագրերի միջոցով փորձարկում պետության կամ կառավարության կողմից ներդրվող գործիքները և անհրաժեշտության դեպքում փոփոխություն բերում։ 

ՔՈԱՖ-ի շահառուներ.jpg (351 KB)

Արդեն ութ ամիս է, ինչ այդ կազմակերպության ղեկավարն եք։ Մի փոքր զրուցենք ՔՈԱՖ-ում Ձեր գործունեությունից։

ՔՈԱՖ-ն իր 20-ամյա գործունեության մի շրջանում է, երբ մեր կողմից իրականացվող ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են։ Այս առումով հիմնադրամում իմ ութ ամիսների գործունեությունը շատ հագեցած է եղել։ Խոսքը գնում է Սյունիքում՝ Գորիսում, Կապանում, Արմավիրում և Շիրակում նոր ՍՄԱՐԹ կենտրոններ կառուցելու մասին, որոնք, ի համեմատ ՔՈԱՖ-ում գործող մյուս ծրագրերի, շատ ավելի մասշտաբային են։ Տարիների իր գործունեության ընթացքում իրագործելով բազմաթիվ հաջողված ծրագրեր՝  ինչ-որ պահի ՔՈԱՖ-ը հասկացավ, որ դպրոցից դպրոց գնալու փոխարեն ավելի ճիշտ է ստեղծել մի հանգույց, որտեղ կենտրոնացնելով մեր ռեսուրսները` կկարողանանք ապահովել որակյալ ոչ ֆորմալ կրթություն: 

Հիմնադրամն իր ահռելի ներդրումն ունի մարդկային կապիտալի զարգացման գործում։ Մենք ծրագրեր ենք առաջարկում տարբեր տարիքի երեխաների համար։ Օրինակ՝ երեխաների և ընտանիքի աջակցության մեր կենտրոնի ծրագրերը նախատեսված են 3-6 տարեկանների համար։ Այս պահին նաև Արցախում՝ Ստեփանակերտում, ունենք նմանատիպ կենտրոն,  որը նախադպրոցական կրթության լրացուցիչ այլընտրանքային ծառայություն է: Այստեղ առկա են հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի ծառայություններ, որոնք ստեղծված պայմաններում շատ կարևոր են արցախցի փոքրիկների ու նրանց ընտանիքիների համար: Ներկայում ՔՈԱՖ-ն Արցախում 100-ից ավել շահառու ունի։ 

6-18 տարեկանների համար արդեն գործում է ՍՄԱՐԹ կենտրոնը: Այստեղ կան 18 ծրագրեր, որոնք բովանդակությամբ բաժանված են երեք ուղղությունների՝ իմացական, հուզական և գործառնական։ Ծրագրերի բազմազանության նպատակը անհատի բազմակողմանի զարգացումն է: Ֆինանսներից, կառավարումից, մեխանիկայից մինչև թվային նկարչություն, ագրոտեխնոլոգիա ու յոգա. ՍՄԱՐԹ-ի ծրագրերը բազմազան են: Այն ավարտելուց հետո նրանք կարող են օգտվել շրջանավարտների համար նախատեսված դրամաշնորհներից բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար: Դրանից հետո նրանց համար ծրագրեր ենք իրականացնում նաև աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու, ձեռնարկատիրությամբ զբաղվելու  նպատակով: Այսպիսով, մենք մի ամբողջ արժեշղթա ենք ապահովում և մեծ ներդրում ունենում կարողությունների զարգացման գործում: 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն.jpg (207 KB)

Մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ Արմավիրում չկա գեթ մի ընտանիք, որն անմասն է մնացել մեր ծրագրերից: Այլ կերպ ասած՝ տարբեր ծրագրերի միջոցով փորձել ենք երեխայի շուրջ ստեղծել մի էկոհամակարգ՝ բարենպաստ միջավայր՝ լավ քաղաքացի ու լավ մարդ ձևավորելու նպատակով` դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:

Ինչպես արդեն նշեցի, ՔՈԱՖ-ը բազմապրոֆիլ է․ մեր առավելություններից մեկն այն է, որ հիմնադրամի գործունեությունը տարբեր ոլորտներ է ընդգրկում, ուստի և մեծ է գայթակղությունը տարբեր ասպեկտներով ևս փոփոխություն բերելու։ Սակայն այս ամենը սահմանափակ ռեսուրսների արդյունավետ բաշխման ու կենտրոնացման տեսանկյունից կարող է շատ մարտահրավերների հանգեցնել։ Բայց մենք մեր առաքելությունն ունենք, մեր առջև սահմանված նպատակները, որոնք, անկախ մարտահրավերներից, անկասկած, պետք է իրականացնենք։

Որո՞նք են հիմնադրամի՝ առաջիկա հինգ տարիների կարևոր նպատակները։ 

Կազմակերպության առաջիկա հինգ տարվա առաջնահերթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համադրելն է: Կրթության ոլորտում գործող օրենսդրությունը վերջին տարիներին բարեփոխվելու շնորհիվ այսօր նոր հնարավորություններ է ստեղծել ավելի որակյալ կրթության ապահովման համար: Այժմ մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի ոչ ֆորմալ կրթության մեր փորձառությունը ֆորմալ կրթության տիրույթում կիրառելը: 

Ոչ ֆորմալ կրթության իրագործումն այս պահին ավելի շատ պատկերացնում ենք ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով, մեր ջանքերը ներդնելու ենք, որ մեր ծրագրերն ավելի որակյալ, հասցեական ու պահանջված դառնան:

Ինչպես գիտեք, նոր կրթական չափորոշչի հիմքում նախագծային ուսուցումն է, իսկ մեր ամբողջ կրթական մոդելը հենց նախագծային է: Եվ այս առումով մենք շատ օգտակար կարող ենք լինել դպրոցներում: Բացի այդ՝ փափուկ հմտությունները, որ մենք փոխանցում ենք ՍՄԱՐԹ կենտրոններ հաճախող երեխաներին, շատ լավ լրացում կարող են լինել դպրոցում ստացած նրանց գիտելիքին: 

Լոռիում ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությանը զուգահեռ մեկնարկել է նաև ՔՈԱՖ «Կոնցեպտ» սոցիալական ձեռնարկատիրությունը՝ հյուրանոցը, ռեստորանն ու համաժողովային կենտրոնը: Ինչո՞ւ է կարևոր հատկապես նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալը։

ՔՈԱՖ «Կոնցեպտը» Հայաստանի խոշորագույն սոցիալական ձեռնարկատիրությունն է, որն իր մեջ ներառում է «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների ընդարձակ կենտրոնն ու այլ ենթակառուցվածքներ։ Ես մեր սոցիալական ձեռնարկատիրությանը վերաբերում եմ ավելի շատ որպես մեր կրթության մեջ ավելի շատ ներդրումներ անելու հնարավորություն: Մենք ուղղակի կազմակերպություն չենք, որը, ենթադրենք, հյուրընկալության ոլորտում իրականացնում է գործունեություն ու դրա որևէ տոկոսն ուղղում հասարակական տարբեր նախաձեռնությունների: Մեր գործունեությունն ամբողջովին սոցիալական է, և այն հասույթը, որ ստեղծվում է «Կոնցեպտ» հյուրանոցում, և կստեղծվի արդեն նորաբաց համագումարների կենտրոնի շնորհիվ, ուղղվելու է մեր ծրագրերի կայունությանը և դրանց շարունակականության ապահովմանը։ «Կոնցեպտի» բացմամբ մենք ազդարարում ենք մեր 20-ամյա գործունեության նոր փուլը, որի ժամանակ ընդլայնելու ենք ՍՄԱՐԹ կենտրոնների աշխարհագրությունն ու ունենալու ենք նոր ենթակառուցվածքներ: Այսինքն, մենք չենք ուզում հույսը դնել տարբեր աղբյուրներից ֆինանսավորման վրա, այլ ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում՝ ապահովելով մեր ծրագրերի երկարաժամկետ լինելը: Ու այս ճանապարհին կարևոր է բոլոր նրանց ներդրումը, ովքեր կիսում են հարատև փոփոխություն բերելու մեր տեսլականը:

Կոնցեպտ հյուրանոց.jpg (194 KB)

 Սեպտեմբերի 16-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում տեղի կունենա ՔՈԱՖ փառատոնը։ Ի՞նչ նոր ու յուրահատուկ փորձառություն կլինի այն փառատոնի մասնակիցների համար։ 

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՔՈԱՖ-ը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) հետ իրականացնում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնությունը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ: Այս նախաձեռնության գլխավոր նպատակը տեղի զբոսաշրջության ներուժը խթանելն ու այն տարածաշրջանի կայուն զարգացման մաս դարձնելն է։ GIZ-ի աջակցությամբ, բայց նաև ՔՈԱՖ-ի ներդրմամբ, ստեղծել ենք Այցելուների կենտրոն Վանաձորից Դեբետ գնացող ճանապարհին, քանի որ կարծում ենք՝ Լոռին քիչ բացահայտված, բայց շատ լավ ուղղություն է թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկների համար: 

Ծրագրի ավարտն ազդարարելու ենք սեպտեմբերի 16-ին կայանալիք ՔՈԱՖ փառատոնով, որը միտված է բոլորին համախմբելու Լոռիում տեղակայված մեր ՍՄԱՐԹ ավանում՝ վայելելու երաժշտության, արվեստի ու արհեստի ամենագեղեցիկ համադրությունը և համտեսելու հայկական ազգային ուտեստները։ 

Փառատոնի ընթացքում կներկայացվեն թեյերի, գյուղմթերքի, հագուստի և գործվածքի, խնամքի և կոսմետիկ միջոցների, ձեռագործ իրերի, պայուսակների, հուշանվերների, ժամանցային ծառայություններ առաջարկող ընկերությունների 30-ից ավելի տաղավարներ։ Այն հարթակ կհանդիսանա մարզաբնակ արտադրողների համար՝ խթանելով նրանց արտադրանքի հանրայնացումն ու զարգացումը։ Ի դեպ, այս արտադրողներից շատերը նաև ՔՈԱՖ-ի այս կամ այն ծրագրերի շահառուներն են: 

Բացօթյա  պատկերասրահում կցուցադրվեն նաև Արդեանի արվեստի հիասքանչ ինստալյացիաները, որոնք, իրենց լուսավորությամբ համահունչ լինելով Լոռու գեղեցկության հետ, կարտացոլեն հնագույն վանքերն ու տեղի մշակութային ժառանգությունը:  Այն իր մնայուն տեղը կունենա ՍՄԱՐԹ ավանում: Այս նպատակով նախապես հայտարարել էինք մրցույթ, և ընտրվեց հենց Արդեանի առաջարկը, քանի որ այն հաշվի էր առնում տեղանքի առանձնահատկություններն ու մեր պահանջները: 

Փառատոնի ընթացքում կենդանի կատարումներով հանդես կգան «Hayat Project»-ը, «Լավ Էլի»-ն, «Վահագն Հայրապետյան տրիո»-ն, «Միքայել Ոսկանյան և ընկերներ (MVF)»-ը, «Բամբիռ»-ն ու DJ Alen Hertz-ը: 

ՔՈԱՖ փառատոնի շնորհիվ մենք նպատակ ունենք ձևավորել նաև նվիրաբերություն կատարելու նոր մշակույթ՝ ցույց տալով, որ այն սոցիալական վարքագծի լավագույն դրսևորումներից է։ ՍՄԱՐԹ ավանում տեղադրված կլինեն հատուկ նվիրաբերության արկղեր, որոնց վրա կլինեն QR կոդեր՝ հնարավորություն տալով մարդկանց  տարբեր հարթակներով նվիրատվություն կատարել և դրական ու շարունակական փոփոխություններին մասնակից դառնալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]