Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ

Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ

ԿՈՌՆԻՁՈՐ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի  ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ  միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կդառնա  կայանման, ժամանման վայր, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Նա ընդգծեց, որ ՌԴ խաղաղապահներն այդ մասին տեղյակ են:

HM2_0078.JPG (540 KB)

 Իսկ թե ինչ տեսակի հումանիտար օգնություն է ուղարկվել, կներկայացվի ավելի ուշ՝ ֆրանսիական պատվիրակության ասուլիսի ժամանակ:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, այդ իսկ պատճառով  աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

«Ինչպես նշել ենք՝ քայլերը շարունակական են, և դրանց միակ և հիմնական նպատակը  հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օր առաջ հասցնելն է»,- եզրափակեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am