Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շուտով ականատես կլինենք անվտանգային այլ համակարգի ստեղծման, եթե միջուկային պատերազմի ռիսկերն ավելի բարձրանան․ ռազմական վերլուծաբան

Շուտով ականատես կլինենք անվտանգային այլ համակարգի ստեղծման, եթե 
միջուկային պատերազմի ռիսկերն ավելի բարձրանան․ ռազմական վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանը չի կարծում, որ Արևմուտքը մեծացնում է միջուկային տերությունների բախման վտանգը, ինչպես պնդում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ նման հայտարարություններն ունեն զսպող ազդեցություն։  

«Այստեղ ամենակարևորն այն իրողությունն է, որ Արևմուտքը հաշվի է առնում Մոսկվայից հնչող հայտարարությունները և մասնավորապես Ուկրաինային մատակարարում է հարձակողական այնպիսի զինատեսակներ, որոնք ի զորու չեն թիրախավորել ու խոցել Ռուսաստանի տարածքում մեծ հեռավորության վրա գտնվող օբյեկտներն ու լոգիստիկ ենթակառուցվածքները՝ օդանավակայանները, երկաթուղային կայարանները, մատակարարման կետերը, մայրուղիները։ Եթե դրանք շարքից դուրս գան, ապա չի բացառվում, որ ՌԴ-ն, ինչպես հայտարարում են ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, կարող է հասցնել հեռահար միջուկային հարվածներ»․- ասաց Ներսիսյանը։ 

Խոսելով վիճակագրական ցուցանիշների մասին, որոնց համաձայն՝ 2022 թվականին զարգացած երկրները սպառազինության վրա ծախսել են ավելի քան 2,2 տրիլիոն դոլար՝ ռազմական վերլուծաբանն ընդգծեց, որ դա բավականին լուրջ ցուցիչ է։

«Օրինակ, Ֆրանսիան չորս անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն, ինչը լուրջ ցուցանիշ է բովանդակ Եվրոպայի համար, քանի որ այդ աշխարհամասը ռազմարդյունաբերության առումով սառը պատերազմից հետո եղել է իներտ և մեծ ուշադրություն չի դարձրել սպառազինությունների մրցավազքին։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ Ռուսաստանն ունի ահռելի միջոցներ, այդ թվում կոնսերվացված, և որոշ տվյալների համաձայն՝  ՌԴ-ն այսօր օգտագործում է 40000-60000 արկ, մինչդեռ Եվրոպան իրեն չի կարող նման բան թույլ տալ և բավականին հետ է Ռուսաստանից»,- նշեց ռազմական վերլուծաբանը։

Ներսիսյանի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ն կտրուկ նվազեցնի ռազմական մատակարարումներն Ուկրաինային, ապա հակամարտության շարունակության դեպքում ուկրաինական ճակատի ամբողջ ծանրաբեռնվածությունը կընկնի Եվրոպայի ուսերին, մինչդեռ եվրոպական երկրների տնտեսությունները ռազմականացված չեն և նախատեսված են հիմնականում խաղաղ ժամանակների համար։ Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է իր առջև ծառացած խնդիրները լուծել նույնիսկ տնտեսական մեծ վնասներ կրելու գնով։

Անդրադառնալով ժամանակին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատված պայմանագրային գործակցությանը, ըստ որի՝ վերահսկվում և սահմանափակվում էր միջին հեռահարության միջուկային հրթիռների արտադրությունը՝ Ներսիսյանն ընդգծեց այն մտահոգիչ հանգամանքը, որ երկու գերտերությունները դուրս են եկել այդ պայմանագրից։  Պաշտոնական Մոսկվան հայտարարում է նաև, որ ամերիկյան կողմը մտադիր է «ջրել» միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։  

«Սպառազինությունների նոր ժամանակաշրջանն իրականում սկսվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեղադրեց Արևմուտքին հակահրթիռային պայմանագրերից դուրս գալու համար, երբ Լեհաստանում տեղադրվեցին հակահրթիռային պաշտպանական համակարգեր, որոնք հետագայում տեղակայվեցին նաև ՆԱՏՕ-ի նորաթուխ անդամ դարձած պետություններում։ Փոխադարձաբար հնչող մեղադրանքների հետևանքով առաջացավ դոմինոյի էֆեկտը, ինչը շատ վտանգավոր է նաև այն առումով, որ, ի տարբերություն ռազմավարական նշանակության զենքերի՝ միջին հեռահարության հրթիռները կարող են կիրառվել զգալի տարածությունների վրա»,- նշեց Ներսիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ անվտանգության միջազգային համակարգն արդեն հնացել է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնադիր երկրների միջև առաջացել են սուր հակասություններ, հետևաբար նման պայմաններում դժվար է որոշումներ կայացնել։ Նրա կարծիքով՝ սպառազինությունների մրցավազքին մեծապես նպաստել է հատկապես Իսրայելը, որի օրինակին հետևելով՝ շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, հընթացս խթանել են միջուկային զենք ստեղծելու սեփական ծրագրերը, իսկ Հյուսիսային Կորեան նույնիսկ միջազգային պատժամիջոցների ներքո շարունակում է միջուկային հրթիռներ փորձարկել։

Ներսիսյանի պնդմամբ՝ այսօր ամբողջ անվտանգային համակարգը ենթարկվում է էական փոփոխության, հետևաբար շուտով ականատես կլինենք անվտանգային այլ համակարգի ստեղծման, եթե միջուկային պատերազմի ռիսկերն ավելի բարձրանան։  

Մանվել Մարգարյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]