Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Մարդկային գործունեության շատ ոլորտներ ենթակա են ավտոմատացման. մեկնարկեց արհեստական բանականության թեմայով AI Conf Armenia կոնֆերանսը

Մարդկային գործունեության շատ ոլորտներ ենթակա են ավտոմատացման. 
մեկնարկեց արհեստական բանականության թեմայով AI Conf Armenia կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արհեստական բանականության թեմայով առաջին կոնֆերանսը՝ AI Conf Armenia 2023-ը, համախմբեց ոլորտի ներկայացուցիչների և բոլոր հետաքրքրված անձանց՝ քննարկելու AI հեղափոխությունն ու նոր հնարավորությունների ալիքը,  որն այն բերում է իր հետ:                             

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AI Conf Armenia-ի նպատակն է քննարկել AI-ի միջազգային միտումներն ու հեռանկարները և նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ արհեստական բանականությունն արդեն հեղափոխել է աշխարհն ու շարունակում է ձևավորել մարդկային առաջընթացի ընթացքը, և այս տեսանկյունից անչափ կարևոր համարեց  հասկանալ AI-ի հիմնարար սկզբունքներն ու առանձնահատկությունները։

«Այսպիսով, ի՞նչ է AI-ը: Այն ալգորիթմների, տվյալների և հաշվողական հզորության համակցություն է, որը թույլ է տալիս ընդօրինակել մարդկային բանականությանը և կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար պահանջում են մարդկային ունակություններ: AI համակարգերը նախագծված են տվյալների վերլուծության, օրինաչափություններ գտնելու ու որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու համար:

Արհեստական բանականության ներուժը հսկայական է: Այն կարող է բարձրացնել արտադրողականությունը, վերափոխել արդյունաբերությունն ու բարելավել մարդկանց կյանքի որակը ողջ աշխարհում: Առողջապահության ոլորտում AI-ը կարող է օգնել հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը, արագ ախտորոշմանը և այլն։ Կրթության ոլորտում արհեստական բանականությունը կարող է տրամադրել անհատականացված ուսուցման փորձառություններ ու աջակցել դասախոսներին ուսանողների անհատական կարիքները բավարարելու հարցում: Սրանք մի քանի օրինակներ են բազմաթիվ այն ուղիների, որոնցով AI-ը կարող է դրականորեն ազդել մեր հասարակության վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Խոսելով AI-ի մասին՝ նա  անդրադարձավ նաև մարտահրավերներին ու էթիկական նկատառումներին, որոնք ի հայտ են գալիս  այս ուղղության զարգացմանը զուգընթաց: Նրա համոզմամբ՝ առաջնային մտահոգություններից մեկը մարդկանց աշխատատեղերի հնարավոր կրճատումն է: Քանի որ մեքենաներն ավելի ունակ են դառնում, որոշ առաջադրանքներ և դերեր, որոնք ավանդաբար կատարում են մարդիկ, կարող են ավտոմատացվել: 

«Այս տեսանկյունից, որպես կրթական հաստատություն, մեր պարտականությունն է վերլուծել ռիսկերն ու տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու իրենց տեղը փոփոխվող աշխարհում: Մեկ այլ կարևոր ասպեկտ է AI-ի էթիկական շրջանակը: Մենք պետք է հաշվի առնենք, որ AI համակարգերում կարող են ակամա ներառվել իրականությանը հակասող պատկերացումներ՝ ազդելով որոշումների կայացման գործընթացների վրա:

Այս մարտահրավերներին դիմակայելու և AI-ի դրական արդյունքներն առավելագույնի հասցնելու համար կենսական նշանակություն ունեն համագործակցությունը և միջգիտակարգային հետազոտությունները: Համալսարանները պետք է վճռորոշ դեր ունենան արհեստական բանականության ոլորտում հետազոտությունները, նորարարությունները և կրթությունը խթանելու գործում»,- նշեց ռեկտորը:

Նա առանձնացրեց՝ ԵՊՀ-ն ստանձնել է հանձնառություն Հայաստանում արհեստական բանականության զարգացումն ապահովելու գործում, ինչի վկայությունը «Կրիսպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում նախորդ տարի բացված AI առաջին լաբորատորիան է և ավանդույթ դարձած այս կոնֆերանսը։

Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր և BigStory վենչուրային ֆոնդի կառավարող գործընկեր Արտավազդ Մինասյանը նշեց՝ տեխնոաշխարհի բոլոր ընկերություններն  այս պահին միայն արհեստական բանականությունից են խոսում: Դիտարկելով արհեստական բանականության էվոլյուցիան՝ հնարավոր է չնկատել, որ մարդկային գործունեության շատ ոլորտներ ավտոմատացման ենթակա են:  

«Հիմա արհեստական բանականության միջոցով հնարավոր է մեծ ծավալի տեքստեր, լոգոներ, նկարներ գեներացնել, վեբ կայքեր պատրաստել: Կարծում եմ, առաջիկայում այն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու, նոր լեզուներով է աշխատելու: Վիրտուալ տիրույթում գտնվող ամեն ինչ, տեսականորեն, AI-ի միջոցով ավտոմատացման ենթակա է»,-ասաց նա: 

Մինասյանը նշեց՝ մարդիկ, որոնք ճիշտ կօգտագործեն արհեստական բանականությունը, նրանք էլ կլինեն այդ բանականության փոխարինողները, ոչ թե  արհեստական բանականությունը: Տվյալ մարդիկ ավելի մրցունակ են լինելու շուկայում: Սակայն նրա համոզմամբ՝ կան որոշակի աշխատանքներ, որոնք ուղղակի ավտոմատացվելու են: 

«Արհեստական բանականությունն, իհարկե, կրճատելով շատ աշխատատեղեր, իր հետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծելու: Այստեղ արդեն կարևոր է ճկուն լինելը: Կարիերայի տեսանկյունից կարևոր է ուշադիր լինել՝ ինչ աշխատանքի ոլորտներ ենք ընտրում: Կարևոր է ընտրել այնպիսի ուղղություն, որն ավելի քիչ է ենթակա ավտոմատացման: Կարևոր է գնալ ոլորտ, որտեղ մարդկային գործունեության վերջին գիտելիքներն են, ոլորտ, որը գրանցում է ամենամեծ տնտեսական աճը»,- ասաց նա:  

Եզրափակելով, Մինասյանը նշեց՝ եթե նպատակ ունեք հարստանալու, մրցունակ լինելու, կամ անհրաժեշտ է միանալ արհեստական բանականությամբ աշխատող ընկերություններին, կամ սկսել ձեր ընկերությունը:  

2022-ին Krisp-ը և Երևանի պետական համալսարանը համատեղ բացվող AI Lab-ի շրջանակներում նախաձեռնեցին AI Conf Armenia՝ Արհեստական բանականության թեմայով Հայաստանում առաջին կոնֆերանսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]