Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Եվրոպայից դեպի Երևան ուղիղ չվերթների ակտիվությունը ռիսկի տակ է․ Տուրիստականների անդրադարձը՝ շենգեն վիզայի խնդրին

Եվրոպայից դեպի Երևան ուղիղ չվերթների ակտիվությունը ռիսկի տակ է․ 
Տուրիստականների անդրադարձը՝ շենգեն վիզայի խնդրին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում շենգեն վիզա ստանալու բարդ ու խնդրահարույց գործընթացը լուրջ դժվարություններ է առաջացնում զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանում տարբեր ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների համար։ Վերջին շրջանում նկատվում է  եվրոպական տարբեր քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների մեկնարկ, վերաբացում, բայց այս գործընթացը ռիսկի տակ է հայտնվում շենգեն վիզայի չլուծվող խնդրի պատճառով։ Տուրիստականներն ահազանգում են՝ հնարավոր չէ դեսպանատներում վիզայի համար օր ամրագրել։

«Ամիստադ» զբոսաշրջային ընկերությունը «AirBaltic» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչն է Հայաստանում։ 2023 թվականի մայիսին հայտարարվեց, որ ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան- Ռիգա երթուղով թռիչքները։ 13 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց ուղիղ թռիչքը։ Ուղիղ թռիչքն ապահովված է, սակայն մեկնողների խնդիր կա։ «Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ մերձբալթյան երկրներ մեկնել ցանկացողները չեն կարողանում վիզայի համար օր ամրագրել։

«Մեզ, որպես «AirBaltic» ավիաընկերության ներկայացուցիչ, զանգահարում են տուրիստական ընկերություններից ու ասում են, որ մերձբալթյան երկրներ մեկնել ցանկացողներ կան, սակայն դեսպանատներում հնարավոր չէ օր ամրագրել։ Իհարկե, վիզան կտան, թե չեն տա, դա արդեն դեսպանատունը կորոշի, սակայն այսօր նույնիսկ օր հնարավոր չէ ամրագրել, որ մարդիկ կարողանան իրենց փաստաթղթերը տրամադրել։ Ստացվում է, որ ուղիղ չվերթը գործում է կամ այն մեր քաղաքացիների համար, որոնք վիզա ունեն, կամ մերձբալթյան երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար։ Իհարկե, դա բավարար չէ թռիչքը պահելու համար»,-ասաց Արմինե Ադամյանը։

«Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանն այս համատեքստում մեկ այլ խնդիր է բարձրաձայնում։

«Տուրիստական կազմակերպությունները պատրաստվում են սեպտեմբերին մեկնել Եվրոպա՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսներին։ Դեսպանատանն օր հնարավոր է ամրագրել միայն նոյեմբերին։ Պատկերացնո՞ւմ եք, ցուցահանդեսը սեպտեմբերին է, իսկ օրը տրամադրվում է նոյեմբերին։ Այս անհասկանալի իրավիճակը նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին ներկայանալու գործընթացին է հարվածում»,-ասաց Արկադի Սահակյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մինչ ուղիղ չվերթների մեկնարկը զգալի աշխատանք է կատարվում, փոխադարձ այցեր են իրականացվում։ Զբոսաշրջային ոլորտի զարգացման, ակտիվության առումով, ըստ նրա, բավական կարևոր են ուղիղ չվերթները, որոնք կամուրջ են դառնում տվյալ դեպքում Երևանի ու Եվրոպայի միջև, սակայն շենգեն վիզայի հետ կապված խնդիրները բավական դժվարություններ են ստեղծում եվրոպական քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների գործընթացին։   

«Մեր բոլոր ջանքերը զրոյացվում են, եթե մարդիկ չեն կարողանում օր ամրագրել դեսպանատներում վիզայի համար դիմելու նպատակով։ Մեր կոչն է մեր բարեկամ եվրոպական երկրների դեսպանատներին ուշադրություն դարձնել այս հարցին։ Եթե կա պահանաջարկ, ուրեմն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, աշխատողների թիվն ավելացնել։ Ի վերջո, մեր քաղաքացիներն իրենց ներդրումն են ունենում տվյալ երկրների զբոսաշրջության ոլորտում։ Հակառակ դեպքում, այս դժվարությունները հաշվի առնելով, մեր քաղաքացիները նախընտրում են այն երկրները, որտեղ վիզայի խնդիր չկա»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջային ընկերությունները, ոլորտի ներկայացուցիչները նաև ակնկալում են պետական կառույցների գործուն աջակցությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am