Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս. «FLYONE ARMENIA»-ն ավելացնում է նոր ուղղություններ

Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս. «FLYONE ARMENIA»-ն ավելացնում է նոր 
ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունն՝ ավելացնելով նոր ուղղություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «FLYONE ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Առաջիկայում մեկնարկելու ենք կանոնավոր թռիչքներ դեպի Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս։ Թռիչքների ավելացում կա նաև դեպի Մոսկվա ուղղությամբ, մասնավորապես, Շերեմետևո օդանավակայան։ Այդպիսով՝ Մոսկվայում 4 օդանավակայններից երեքում կունենանք չվերթներ»,- ասաց Արամ Անանյանը։

«FLYONE ARMENIA» ընկերությունն իրականացնում է երկու տասնյակից ավելի ուղղություններով չվերթներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք։

Արամ Անանյանի խոսքով՝ վերջին շրջանում չվացուցակի բոլոր խնդիրները հաղթահարվում են։ «FLYONE ARMENIA»-ի մոտ առկա է չվացուցակի՝ 90 տոկոսից ավելի համապատասխանեցում։ Թե ուղևորների անվտանգությունը, թե անվտանգ ավիափոխադրումը, թե չվացուցակին համապատասխանելը ավիաընկերության առաջնահերթ հարցերն են։ Արամ Անանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ ցուցանիշները բարելավելու համար։ Ավիաընկերության կառավարման համակարգում ներգրավվել են նոր մասնագետներ։

«Ունենք օդանավային մեծ պարկ։ Շուրջ 8 օդանավ չվերթներ է իրականացնում «FLYONE ARMENIA» ավիաընկերության համար։ Առաջիկայում օդանավերի պարկը թե թարմացնելու ենք, թե ընդլայնելու։ Լրջագույն հեռանկարներ ենք տեսնում ավիացիոն փոխադրումների զարգացման համար։ Որպես ավիաընկերություն մենք նկատելի ներդրում ենք բերել այդ հարցում։ Ասեմ, որ վերջին շրջանում նկատելի անկում կա ավիատոմսերի գների առումով։ Ավիացիոն փոխադրումները դառնում են շատ ավելի հասանելի ու մատչելի, և մենք չենք կարող մեր դերն այստեղ չտեսնել»,-ասաց Արամ Անանյանը։

Ավիաընկերությունը նաև իր գործունեությամբ նպաստում է Երևանի տարանցիկ հարթակ լինելու դերի բարձրացմանը։ «FLYONE ARMENIA»-ի չվերթները հնարավորություն են տալիս այլ ավիաընկերություններին Հայաստան տեղափոխել ուղևորներ, որոնք իրենց ուղևորությունը շարունակում են «FLYONE ARMENIA»-ի հետ։

«FLYONE ARMENIA»-ն իր թռիչքային ծրագիրն ամբողջությամբ կարողանում է իրականացնել։ Խոսելով Թուրքիայի կողմից օդային տարանցման արգելանքի մասին, որը կիրառվեց հայաստանյան բոլոր ավիաընկերությունների նկատմամբ, Արամ Անանյանը նշեց, որ եվրոպական գործընկեր ավիաընկերությունների ավիացիոն գործիքակազմի կիրառմամբ կարողացել են անել այնպես, որ բոլոր ուղևորները հասնեն իրենց նշանակման վայրերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]