Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տուն կառուցելու հնարավորություն է տրվում

Սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տուն կառուցելու 
հնարավորություն է տրվում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հնարավորություն է տալիս սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ կառուցել սեփական տուն: Ծրագրի մեկնարկը տրված է և արդեն Տավուշի ու Սյունիքի մարզերից կան 9 շահառուներ, որոնց համար պետական աջակցությունը հաստատվել է: Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։

«Եթե շահառուն 13 տոկոսով 10 տարի ժամկետով բանկից ստանում է 16 մլն դրամ, ապա ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի: Եթե վարկի չափն ավելին է, ապա տարբերության վճարումն իրականացնում է շահառուն: Թեպետ ընդգծեմ, որ գումարը տրվում է մաս-մաս և ընթացքում կատարվում է մոնիթորինգ: Եթե գումարը նպատակային չի իրականացվում, ապա աջակցությունը դադարեցվում է»,-ներկայացրեց նախարարության ներկայացուցիչը:

Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականի ավարտը առնվազն 300 ընտանիք պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում կկառուցի իր տունը: Պետական բյուջեով նախատեսվել է 466 մլն դրամ: Մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվում է, որ շուրջ 550 ընտանիք ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ կկառուցի տուն, պլանավորվում է հատկացնել 1.5 մլրդ դրամ: Խոսքը շուրջ 80 սահմանային  գյուղական բնակավայրերի մասին է՝ Սյունիքի, Տավուշի,Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից:

«Անձանց հաշվառման, փաստացի բնակեցման վայրը որևէ ազդեցություն չունի ծրագրում ընդգրկվելու գործընթացի վրա: Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնց ամուսնությունը գրանցված է, ունեն հողամաս համապատասխան շինթույլտվությամբ կամ կիսակառույց տուն, ինչպես նաև ունեն դրական վարկային պատմություն: Ամուսինների տարիքային սահմանափակում նույնպես չկա»,-ասաց  Գայանե Ղարագյոզյանը:

Հաշվի առնելով, որ ոչ բոլոր սահմանային հատվածներում է անվտանգային առումով հանգիստ վիճակ, արդյո՞ք բանկերը բոլոր դիմողներին կտան վարկային միջոցներ: Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ եթե բանկերը միացել են ծրագրին, ուրեմն դիմողներին պետք է տրամադրեն վարկային միջոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]